«Օդից փող». Ովքե՞ր են ֆինանսավորում մեր կրթությունը
Analytical2018 թվականի պետական բյուջեում կրթության ոլորտի հատկացումները նախորդ տարվա համեմատ, 600 մլն դրամով կրճատվել են, սակայն Սերժ Սարգսյանը գտնում է, որ ոչ մի կրճատում էլ չկա. «Չի կրճատվում: Հատկապես, եթե հաշվի առնեք գիտությանն ուղղված այն մասը, որը կա պաշտպանության նախարարության բյուջեում: Նաև պետք է հաշվի առնենք, որ արդեն Հայաստանում գործում են մի քանի հիմնադրամներ, որոնք պատրաստ են կրթաթոշակներ տրամադրելու կամ տրամադրելու գրանտներ՝ գիտությամբ զբաղվողների համար: Սա էլ հանգամանք է, չմոռանանք, որ արդեն Եվրամիությունն ունի բազմաթիվ հիմնադրամներ, որոնք հաճույքով ֆինանսավորում են գիտության մեջ կոնկրետ ուղղություններ: Ֆինանսավորումը միայն սոցիալական խնդիր չպետք է լուծի, ֆինանսավորումը նաև արդյունք է ենթադրում, և իմ ասած հիմնադրամներն արդյունք են հետապնդում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Հետաքրքիր է, որ կառավարությունը, ով փաստացի հանդիսանում է կրթության բյուջեի ամորձատման հեղինակը, ընդունում էր կրճատման փաստը, պարզապես փորձում էր փարատել մտահոգությունները, հայտարարելով, որ ֆինանսավորման կրճատումը չի ազդելու կրթության որակի վրա: Կարեն Կարապետյանը հաճախ է տարբեր դեպքերում հիշատակում Իսրայելը և այն դիտարկում որպես օրինակ, և եթե փորձենք այս դեպքում էլ համեմատել այդ երկրի ծախսած գումարները կրթության բնագավառում հասկանալի կդառնա, որ Կարապետյանի ասածներն ուղղակի տեսական բնույթ են կրում: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն` Իսրայելը կրթության ոլորտում ծախսում է երկրի ՀՆԱ-ի մոտ 6%-ը` մոտ 3 անգամ ավել, քան պատրաստվում է ծախսել Հայաստանը: Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս է կառավարությունը «լավ պետություն ունենալու» խոստումներով պատրաստվում «լավագույն կրթություն» տրամադրել իր քաղաքացիներին` տարեցտարի կրճատելով այդ ոլորտի ֆինանսավորումը:
Ի տարբերություն կառավարության՝ Սերժ Սարգսյանը գտնում է որ կրճատում ընդհանրապես չի եղել, և նույնիսկ հիմնավորումներ է բերում: Սակայն, եթե փորձենք վերլուծել Սարգսյանի խոսքերը՝ հետևյալ պատկերն ենք ստանում:Նախագահը իբրև կրթության ոլորտի ֆինանսավորում է ներկայացնում ՊՆ-ին հատկացված գումարները, որոնցով ինչպես գիտենք նոր հետազոտական համալսարան պետք է հիմնադրվի: ԵՄ «Հորիզոն 2020» ֆոնդը , որը դրամաշնորհներ է տրամադրում Հայաստանի գիտնականների մրցունակ գիտական նախագծերին նույնպես համարվում է կրթության ֆինանսավորում: Այս տրամաբանությամբ Երևանի էլիտար դպրոցների վարձավճարները, որոնք դուրս են գրվում ոչ թե բյուջեից, այլ այդ դպրոցների սաների ծնողների գրպաններից, նույնպես կարելի է հաշվել որպես կրթության ֆինանսավորում, և արդյունքում կստացվի, որ մեզ մոտ կրթության բյուջեն ավելացել է: Սա նույն թվերի նկարչությունն է միայն թե ավելի լեգալ ձևով, եբ իրականությունը կարող ես ներկայացնել ի օգուտ քեզ, ինչն էլ մասնագիտորեն անում են ՀՀ իշխանությունները:
Իսկ ի՞նչ «տրյուկների» են նրանք դիմելու, եթե այդ նույն ԵՄ ինչ-որ պահի կրճատի կամ ընդհանրապես դադարեցնի դրամաշնորհների տրամադրումը: Արդյո՞ք այն ժամանակ ևս արդարացում կգտնեն, թե ի վերջո ստիպված են լինելու ընդունել դառը իրականությունը: Իսկ իրականությունը հետևյալն է ՀՆԱ-կրթություն հարաբերակցության տոկոսով մենք առաջ ենք Կամբոջայից ու Կոնգոից, բայց հետ ենք Ռուանդայից ու Ալժիրից… Բայց ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ կարևորը թղթով ամեն բան նորմալ է:
Ստելլա Խաչատրյան