Ծանրամարտի Հայաստանի հավաքականը կարող է մասնակցել Եվրոպայի 2018 թվականի առաջնությանը
СпортԾանրամարտի Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները կարող են մասնակցել Եվրոպայի 2018 թվականի առաջնությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:
«Արդեն 4 տարի է, ինչ գլխավորում եմ Հայաստանի հավաքականը: Այս ընթացքում մոտ 1200 միջազգային դոպինգային հետազոտություններ ենք արել: Դրանցից ոչ մեկը դրական պատասխան չի ունեցել: Ըստ միջազգային ֆեդերացիայի կանոնադրության՝ ազգային ֆեդերացիան պատասխանատվություն է կրում երեք և ավելի դեպքերից հետո: Այդ ժամանակ կամ 50.000 ԱՄՆ դոլար տուգանվում են, կամ զրկվում են մեկ տարով միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Այս անգամ մեզ թե՛ տուգանեցին, թե՛ մեկ տարով զրկեցին: Ահա թե ինչու եմ ասում, որ մարզիկները չպետք է պատասխանատվություն կրեն նախորդների սխալների համար: Հնարավոր է, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականին թույլատրեն մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը, Թուրքիան և Չինաստանը համաժողովի ընթացքում առաջ քաշեցին այն հարցը, որ որակազրկումը լինի 6 ամիսից քիչ, քանի որ Օլիմպիական խաղերից հետո դոպինգ- խախտման ոչ մի դեպք չկա: Սակայն վերջնական հաստատում կլինի հունվարին»,-ասաց հավաքականի մարզիչը:
Ալավերդյանը փաստեց նաև, որ բացի այն, որ որակազրկման համար պետք է վճարվի 50.000 ԱՄՆ դոլար, ֆեդերացիան պարտավորություն է վերցրել նաև, որ մրցումներից առաջ յուրաքանչյուր մարզիկ առնվազն 3 անգամ դոպինգ ստուգումներ անցնի: Այդ ստուգումներն անցկացվելու են Հայաստանի հակադոպինգային կազմակերպության և միջազգային կազմակերպության կողմից:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը որազրկման պատճառով չմասնակցեց 2017 թվականի ԱՄՆ Անահայմ քաղաքում կայացած աշխարհի առաջնությանը: