«Սասնա Ծռերի» համախոհները փակել են ճանապարհը (լուսանկարներ)
ՀասարակությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր տեղի է ունենում «Սասնա Ծռեր» զինված խմբի անդամների դատական նիստը: Նիստի ընդմիջմանը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Սասնա Ծռերի» համախոհները՝ պահանջելով կատարել ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող, դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջները, և նրանց տեղափոխել իրենց ցանկացած քրեակատարողական հիմնարկները:
Ակցիայի մասնակիցները փակել էին Արշակունյանց պողոտայի երթևեկելի հատվածը, իսկ ոստիկաններն ուժով փորձում էին բացել ճանապարհը, որի արդյունքում բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը ևս հայտարարել է, որ բողոքի ակցիա են սկսում՝ ի պաշտպանություն հացադուլավորների:
Ցուցարարները ցանկացան հանդիպել ՔԿՎ-ի պետ Արթուր Օսիկյանի հետ, սակայն վերջինս նրանց չընդունեց։ Որպես բողոքի նշան՝ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկեց Արշակունյաց պողոտայում, փողոցը 10 րոպեով փակեցին նաեւ մյուս ցուցարարները։ Ոստիկանները Գասպարիին պառկած վիճակում հեռացրին ճանապարհից, սակայն նա կրկին վերադարձավ ցուցարարների մոտ։