«Ոստիկանությունը միշտ կոնկրետ էս վիժվածքներին պատժել է». Հունան Պողոսյան
RightՀայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ ոստիկանությունը մշտապես պատասխանատվության է ենթարկել խախտումներ կատարած անձանց և հետևաբար ոստիկանությանը չպետք է որևէ բանում մեղադրել:
Հունան Պողոսյանը համաձայն չէ նաև ոստիկանությանը հասցեագրվող այն մեղադրանքների հետ, որ, եթե ժամանակին իրավախախտումներ կատարած անձինք պատասխանատվության ենթարկվեին, ապա վարորդական իրավունք չունեցող անձի մասնակցությամբ ավտովթարի արդյունքում երկու ոստիկաններ չէին զոհվի։
«Հասարակությունում վխտող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը և շարունակում է պատժել ու շարունակելու է»,-ասել է Պողոսյանը:
Լրագրողի հարցին, թե Պողոսյանն ընդունում է այն մեղադրանքը, որ նաև իրավապահ մարմիններն ունեն այստեղ մեղավորություն, որ այդ անձինք առանց վարորդական իրավունքի շարունակել են մեքենա վարել։
Պողոսյանն ասել է. «Իրավապահ մարմինների մեղքի վերաբերյալ ես գնահատական տալու իրավասություն չունեմ։ Ես ոստիկանության մասով ասել և ասում եմ՝ ոստիկանությունը հստակ մեղքի բաժին չի ունեցել, բարձրացրեք նախկին տարիներին կատարված վարչական միջադեպերը, քրեական դեպքերը, միշտ ոստիկանությունը կոնկրետ էս վիժվածքներին պատժել է, և շատ հաճախ լրատվամիջոցները, ես չեմ ուզում կոնկրետ որևէ մեկին մեղադրել, բայց հիշում եմ, որ լրատվամիջոցներից ոմանք սրանց նույնիսկ պաշտպանում էին»,-ասել է Պողոսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: