Հրաշագործ Ռուբեն Հայրապետյանը. հույսը վերջի՞նն է մեռնում
АналитическийՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իր հայտարարությանը, թե 2018թ. աշխարհի առաջնությունում, եթե Հայաստանի հավաքականը մրցաշարում չընդգրկվի, հրաժարական կտա, ասաց. «Միանգամից հիասթափեցնեմ՝ ես չեմ պատարաստվում հրաժարական տալ: Ինչ խոսք՝ հիասթափվողները շատ են լինելու, հաշվի առնելով այն խայտառակ ընտրական շրջափուլը, որը 2017-ին գրանցեց մեր ազգային հավաքականը:
2018 թվականը նույնպես հայկական ֆուտբոլի համար սկսվեց սկանդալով: Օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ կասկածներ ունենալով, որ 2017 թվականի նոյեմբերի 20-ին կայացած Հայաստանի առաջին խմբի 2017/18 մրցաշրջանի «Լոռի»-«Էրեբունի» հանդիպումը, որն ավարտվել է 5։0 հաշվով, պայմանավորված է եղել։ Այս օրերին, երբ հայկական ֆուտբոլը ծանր օրեր է ապրում, ծախված հանդիպումների մասին աղմուկը կարող է ուղղակի կործանարար ազդեցություն ունենալ: Այսօր կան մարդիկ, ովքեր ցանկանում են ներդրումներ անել, ակումբներ հիմնել Հայաստանում: Ու հույսի այս ֆոնին՝ խայտառակ մի պատկեր: Ի՞նչ է պատրաստվում անել Ռուբեն Հայրապետյանն՝ այդ պատկերը շտկելու համար: Միայն ԱԱԾ-ին դիմելով վիճակը կշտկվի՞: Պարզվում է՝ նա գտել է լուծումը: ՀՖՖ նախագահը պատրաստվում է օտարերկրա մասնագետներ հրավիրել, որոնք կաշխատեն մեր պատանեկան հավաքականների հետ: Մեր երկրում Հայրապետյանը շարունակ ֆուտբոլային ակադեմիաներ է բացում: Ֆուտբոլի դպրոց էլ չէ, ինստիտուտ էլ չէ՝ ակադեմիա: Ֆուտբոլից հեռու մարդը, լսելով ֆուտբոլի ակադեմիա արտահայտությունը, կմտածի՝ Հայաստանում ֆուտբոլային ակադեմիկոսների են կրթում: Սա՞ է ձեր ակադեմիաների սերունդը: Այժմ էլ արգենտինացիներն են գալիս՝ սպորտաձևը վերջնական խայտառակությունից փրկելու համար:
Հայրապետյանի այս քայլն, ըստ էության, շտապ օգնություն է հայկական ֆուտբոլի և անձամբ իր համար: Միևնույն ժամանակ, թե՛ փորձագետները, թե՛ հայ ֆուտբոլասերները մեծագույն հոռետեսությամբ են մոտենում Հայրապետյանի այս հեղափոխան փոփոխություններին: Ընդհանրապես, տպավորություն է, որ Հայրապետյանի ցանկացած քայլ դատապարտված է քննադատության: Ժամանակին, երբ Հայրապետյանն ավանդույթ էր դարձրել հարցերը լուծել ոչ այնքան օրինական ճանապարհով, նման գործելաոճն օբյեկտիվորեն քննադատվում էր: Այսօր, երբ ՀՖՖ նախագահը դիմում է ԱԱԾ-ին՝ ֆուտբոլային հանդիպման ծախված լինելու հարցով հանրությունը նրան ներկայացնում է ոչ ավել, ոչ պակաս՝ «գործ տվողի» կերպարով: Խնդիրը թերևս այն է, որ ՀՖՖ նախագահի հանդեպ չկա հանրային վստահություն, և քանի դեռ նրա գործունեությունը, որին մեկ տարի է մնացել՝ չի տվել գործնական՝ պտուղ հաղթանակների տեսքով և ֆուտբոլի որակի շեշտակի բարձրացման՝ այդ վստահությունը չի վերականգնվի: Հայրապետյանը կարող էր այս տարիների ընթացքում գործով ապացուցել, որ սրտացավ է հայկական ֆուտբոլի համար: Ազգային հավաքականից երես են թեքել հազարավոր երկրպագուներ: Նրանք պնդում են, որ հավաքականն այլևս ֆուտբոլասերինը չէ, այլ «Նեմեց Ռուբոյինը»: Այսօր հենց նա է որոշում՝ ով պետք է խաղա հավաքականում և ում ոտքը չպետք է լինի ազգային թիմում: Ու այսօր չկա «դուխով» մարզիչ, ով ՀՖՖ նախագահի կամքին հակառակ հավաքական կհրավիրի, ասենք, Յուրա Մովսիսյանին: Որքա՞ն պետք է շարունակվեն բռնատիրական, մղձավանջ հիշեցնող կարգերը հայկական ֆուտբոլում: Այդ հարցի պատասխանը թերևս ունի միայն Ռուբեն Հայրապետյանը…
Ստելլա Խաչատրյան