Արա Բաբլոյանը բարձր է գնահատում լրագրողների աշխատանքը. ԱԺ-ում կայացավ լրագրողների համար ամանորյա ընդունելությունը
ПолитическиеԽորհրդարանում Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի մասնակցությամբ տեղի ունեցավ լրատվամիջոցների համար ամանորյա ընդունելությունը, որին մասնակցում էին խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչները և ղեկավարները:
Միջոցառման մեկնարկին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, շնորհավորելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, ընդգծեց, որ միշտ բարձր է գնահատել լրագրողների աշխատանքը` անկախ նրանից, թե ով ինչպիսի դիրքորոշում կամ վերաբերմունք ունի այս կամ այն հարցի վերաբերյալ: «Կարծում եմ, որ մարդկանց միջև փոխադարձ հարգանքը չպետք է կախված լինի տեսակետների կամ քաղաքական հայացքների տարբերությունից»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:
Նա վստահեցրեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` որպես խորհրդարանի խոսնակ, լրագրողների հետ աշխատելը իր համար հաճելի է, նույնիսկ` ուսանելի: «Ձեր արհեստավարժությունը և անաչառությունը մեծ ազդեցություն ունեն մեզ շրջապատող իրականության օբյեկտիվ և ամբողջական ընկալման հարցում»,- ընդգծեց Բաբլոյանը:
Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը, որի ընթացքում Ազգային ժողովի շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվեցին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: