Օտարերկրացի բուժաշխատողների գործունեության թույլտվությունը կտրամադրվի պարզեցված ընթակացակարգով
ՀասարակությունՀՀ տարածքում ժամանակավոր մասնագիտական գործունեության թույլտվության տրամադրման ընթացակարգը պարզեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություն և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ այն դրական ազդեցություն կունենա օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման գործընթացի վրա և, ընդհանուր առմամբ, կբերի ՀՀ առողջապահական համակարգում բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման:
«Գործող կարգով սահմանվում է օտարերկրացի բուժաշխատողի կրթության և մասնագիտական գործունեության իրավունքի փաստը հավաստող փաստաթղթերի ներկայացման ընդհանուր մոտեցում, այն դեպքում, երբ ԵԱՏՄ երկրներից հրավիրված մասնագետների մասնագիտական թույլտվության տրամադրման ընթացակարգերը կարգավորվում են ԵԱՏՄ վավերացված համաձայնագրերով և ԵԱՏՄ կոլեգիայի որոշումներով: Միաժամանակ, Եվրամիության անդամ երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից ժամանող/հրավիրվող բժիշկների պարագայում, որոնք գերակշիռ մեծամասնությամբ մեծ ճանաչում ունեցող հայազգի բժիշկներ են, նախատեսվում է ներդնել ՀՀ տարածքում կարճաժամկետ մասնագիտական գործունեության թույլտվության հեշտացված ընթացակարգ՝ հաշվի առնելով նաև, որ այդ երկրներում, արդեն իսկ խիստ վերահսկվում է բժշկական գործունեության իրականացումը, իսկ բժշկական կրթության որակը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»,-ասաց նախարարը: