Խոսրովի անտառում չինացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողության գործով վկա է Գերմանիայի քաղաքացին
ПравоԽոսրովի անտառի հարակից տարածքում 2017թ. հոկտեմբերի 1-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու գործը գտնվում է դատական քննության փուլում:
Այս մասին նշեց Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը:
«Չինաստանի քաղաքացուն «Խոր Վիրապ» վանական համալիրից վերադառնալիս Արարատի մի բնակիչ առաջարկել էր ուղեկցել մինչև Երևան, ապա մեքենան վարել էր այլ ուղղությամբ` մինչև Խոսրովի անտառի հարակից տարածք և այնտեղ նրա նկատմամբ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություն։ Չինացին, նկատելով հեռվից ընթացող այլ ավտոմեքենա, ձերբազատվել է տղամարդու ձեռքերից և կանգնեցրել այն: Ավտոմեքենայի վարորդը բնապահպանական տեսուչն էր, իսկ ուղևորուհին Գերմանիայի քաղաքացի, ումից չինացին անգլերեն օգնություն էր խնդրել: Այնպես է ստացվել, որ տուժողը Չինաստանի քաղաքացի է, իսկ ականատես վկան Գերմանիայի քաղաքացի»,- նշեց Հովհաննիսյանը:
Դատախազի խոսքով` քննությունը կանգնել էր խնդրի առաջ, քանի որ մեկ շաբաթից չինացին, իսկ 12 օրից Գերմանիայի քաղաքացին պետք է մեկնեին Հայաստանից:
«Գործը քննվել էր արտակարգ ռեժիմով` նշանակվել դատաբժշկական, հետքաբանական փորձաքննություններ, ինչպես նաև իրականացվել հարցաքննումներ: Ցուցմունքների, փորձաքննությունների միջոցով հիմնավորվել է տղամարդու հանցավոր արարքը, ընդ որում` անձը իրեն մեղավոր է ճանաչել կատարված հանցագործության համար»,- ասաց Հովհաննիսյանը: