Պրեմիեր լիգայի ամենաբարեկիրթ մարզիչը
БлогосфераՌուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հենրիկ Մխիթարյանի Լոնդոնի «Արսենալ» տեղափոխման վերջնական ձևակերպումը թերևս արդեն մոտակա ժամերի հարց է: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ասել է, որ այդ տրանսֆերը թիմերի միջև խաղացողների զուտ մեխանիկական փոխանակում չէ, այլ ինքն անձամբ է շահագրգռված եղել Հենրիկի իր թիմ տեղափոխման հարցում, նշելով, որ իրեն դուր է գալիս Մխիթարյանի խաղը: «Դեռևս «Բորուսիայում» նա բազմիցս հանդես է եկել մեր թիմի դեմ և միշտ լավ տպավորություն թողել մեզ վրա: Գլխավորն այն է, որ նրան հոգեհարազատ է այն ֆուտբոլը, որը ցուցադրում է «Արսենալը»,- ասել է մարզիչը:
68-ամյա Արսեն Վենգերը, որի մականունն է «Պրոֆեսոր», անգլիական Պրեմիեր լիգայի մեկ թիմում անընդմեջ աշխատած ամենաերկարակյաց մարզիչն է: Ահա արդեն 22 տարի է, 1996-ից սկսած, նա հանդիսանում է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչը: Ֆրանսիայի Պատվավոր լեգեոնի ասպետի և Բրիտանական իմպերիայի շքանշաններին արժանացած այս մարզչի կիսանդրին տեղադրված է Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտի տարածքում, որտեղ խաղում է «Արսենալը» (նկարում):
Վենգերը ծնունդով Ֆրանսիայից է՝ ֆրանկո-գերմանական միջնադարյան անկրկնելի մշակույթ կրող Ստրասբուրգ քաղաքից: Տիրապետում է մի քանի լեզուների, որից իր համար հիմնականն են երեքը՝ ֆրանսերեն, անգլերեն և գերմաներեն: Նա ունի վերին աստիճանի պարտաճանաչ և պահանջկոտ մարզչի համբավ, սակայն, ի տարբերություն մյուսների, մարզչական իր բոլոր դրսևորումները նա սովորաբար արտահայտում է հնարավորինս չափի մեջ, որի համար էլ Պրեմիեր լիգայի ամենաբարեկիրթ մարզիչն է համարվում: Վենգերը մեծ հեղինակություն ունի նաև «Արսենալի» երկրպագուների մոտ, որոնց շրջանում շատ տարածված է «Arsene knows» (բառացիորեն՝ «Արսենը գիտի, թե ինչ է պետք անել») ասույթը:
1998/99 սեզոնում Արսեն Վենգերը դարձավ «Fair play»-ի («Ազնիվ խաղ») մրցանակակիր այն բանի համար, որ «Շեֆիլդ» թիմի հետ գավաթային խաղում հրաժարվեց «Արսենալի» հաղթանակից: Այդ խաղի ժամանակ «Շեֆիլդի» խաղացողներից մեկը վնասվածք էր ստացել, որից հետո «Շեֆիլդի» ֆուտբոլիստները անմիջապես դուրս էին հանել գնդակը խաղադաշտից, որպեսզի իրենց խաղացողին բժշկական օգնություն տրվի: Չգրված ջենտլմենական օրենքների համաձայն «Արսենալի» ֆուտբոլիսները խաղի վերսկսումից հետո նետումով գնդակը պետք է հասցեագրեին «Շեֆիլդի» խաղացողներին, բայց դրա փոխարեն նրանք գնդակը պահում են իրենց մոտ և արագ գրոհով գոլ խփում: Գոլը վճռական դարձավ խաղում, և «Արսենալը» 2:1 հաշվով հաղթեց:
Այդ ամենը չէր կարող գոհացնել բծախնդիր Վենգերին. ճիշտ է, ֆուտբոլային բոլոր օրենքներով այնտեղ ոչ մի սխալ չէր գրանցվել, բայց ոչ՝ բարոյական: Եվ Վենգերը բացառիկ քայլի է գնում՝ նա հայտ է ներկայացնում այդ խաղը վերախաղարկելու համար: Նոր խաղը կայանում է՝ և «Արսենալը» կրկին հաղթում է նույն հաշվով: Այսպիսին է ահա Արսեն Վենգերը՝ մարզիչ և անհատ, որն իր պարկեշտությամբ արդեն իսկ բացառիկ հետք է թողել անգլիական ֆուտբոլի պատմության մեջ»: