Հայ խոհարարը կմասնակցի Երիտասարդ շեֆերի օլիմպիադային
Գիտություն և ՄշակույթՀայ խոհարարը Հնդկաստանում կմասնակցի Երիտասարդ շեֆերի օլիմպիադային, որը հունվարի 28-ից փետրվարի 2-ը մեկ հարկի տակ է հավաքելու 50 երկրներից երիտասարդ խոհարարների: Այս տարի Հայաստանը ներկայացնող Արայիկ Ամզայանը տեղեկացրեց, որ թվով չորրորդ երիտասարդական խոհարարական օլիմպիադային Հայաստանը մասնակցելու է երկրորդ անգամ:
«Յուրաքանչյուր երկրից մասնակցելու է մեկական մասնակից-խոհարար, ում խորհուրդներով օգնելու է նրա խորհրդատու-խոհարարը: Հայաստանի մասնակցի ընտրությունը կատարում էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը: Իմ խորհրդատու-խոհարարն է լինելու Արբի Ղարախանին», - պատմեց Արայիկ Ամզայանը, ով խոհարարական աշխարհ է մտել դեռ 14 տարեկանում, իսկ 19-ում արդեն դարձել էր շեֆ-խոհարար:
Մրցույթը բաղկացած է մի քանի փուլերից, որոնցից յուրաքանչյուրն անցկացվելու է Հնդկաստանի խոշորագույն քաղաքներում՝ Դելիում, Կալկաթայում, Բանգալոռում և Փյունում: Մրցույթի բացման շրջանակներում 50 երկրների ներկայացուցիչները միաժամանակ պատրաստելու են իրենց երկրների մեկական ազգային ուտեստ, ինչը գրանցվելու է Գինեսի ռեկորդների գրքում:
«Որպես պատասխան հարևան երկրի քայլերին՝ մենք պատրաստվում ենք ներկայացնել ավանդական խաղողի տերևով տոլման», - մանրամասնեց Արայիկ Ամզայանը:
Առաջին փուլում մասնակիցները պետք է պատրաստեն խոհարարական աշխարհի դասական բաղադրատոմսերից ֆլորենտինյան ձուն և սուֆլեն, որոնք պետք է կատարելապես համապատասխանեն դասական բաղադրատոմսի պահանջներին: Երկրորդ փուլ անցած մասնակիցներին 45 բաղադրիչներից առաջարկվելու է 2,5 ժամում պատրաստել բուսակերային նախուտեստ, հիմնական ուտեստ և աղանդեր: Իսկ եզրափակիչ փուլ անցած տասը մասնակից, որոշյալ փուլից ժամեր առաջ կստանան գաղտնի բաղադրիչը, որի կիրառմամբ պետք է պատրաստեն երեքական ուտեստ: