Խելամի՞տ է արդյոք ծխելու համար 50.000-700.000 դրամ տուգանքը. իրավագետի կարծիքը
ՀասարակությունՀայաստանում ծխելու դեմ պայքարի շրջանակներում էականորեն կսահմանափակվի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը: Առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում. Մասնավորապես, արգելվելու է ծխախոտի և դրան փոխարինող այլ արտադրատեսակների օգտագործումը, որոշ վայրերում՝ վաճառքը:
Նշենք, որ օրենքի նախագիծը սոցիալական հարթակում մեծ աղմուկ է բարձրացրել և քննարկումների առիթ դարձել: Ոմանք կողմ են օրենքին, ոմանք՝ ոչ, ոմանք էլ պարզապես որոշակի անճշտություններ են տեսնում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իրավագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանն, անդրադառնալով խնդրահարույց օրենքին, նշեց, որ դրա նպատակը հասարակության առողջության պահպանումն է և այդ իմաստով՝ նպատակն իրավաչափ կարելի է համարել, հատկապես, որ Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում ծխողների թվաքանակի առումով:
«Խնդիրը նրանում է, թե որքանով են նախատեսված տուգանքի միջոցները համաչափ և որքանով է այսօր մեր հասարակությունը պատրաստ դրան: Այս տեսանկյունից, գուցե օրենքը կտրուկ միջոցներ է սահմանել, որը մեր հասարակության համար կարող է առաջացնել սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ և պետք է նկատել, որ տուգանքները բավականաչափ բարձր են»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ ինչ-որ առումով՝ խնդիրներ կան մեխանիզմների առումով:
Նրա խոսքով՝ նպատակը միանշանակ դրական է, բայց միջոցները հապշտապ են ընտրվել: Հարկավոր էր մանրամասնորեն մշակել դրույթները. բարի նպատակը կարող է իր առաքելությունը չկատարել, քանի որ այդ միջոցները բավարար չափով չեն երաշխավորում բնակչության կողմից հետադարձ կապը, ռեֆորմի կարևորության ընկալունակությունը:
«Ծխողներին վատ սովորության համար պատժում են, այն էլ՝ անհամաչափ ձևով: Սոցիալ-տնտեսական վիճակը և ներկայիս քաղաքական առաջնահերթությունները հաշվի առնելով, պետք է նկատել, որ սա ամենակարևոր խնդիրը չէր լուծման տեսանկյունից: Կարելի է վիճարկել պահի ընտրությունը, բայց ոչ օրենքի նպատակը, որովհետև ծխելը մեծ վնաս է հասցնում առողջությանը: Այժմ փորձ է արվում ռադիկալ փոփոխությունների գնալ և կարգավորել ոլորտը: Համամիտ չեմ այն կետին, որ պետք է տուգանվեն հաստատությունների ղեկավարները, ես կհանեի տնօրենի վրայից այդ գործառույթը, քանի որ ավելի լավ կլիներ դա թողնել ներքին կարգապահական միջոցներին: Սովորական հիմնարկներում իմաստ չկար նման միջոցների դիմել»,- ասաց Խալաթյանը:
Անդրադառնալով բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում ծխելու արգելքին, փաստաբանը նկատեց, որ խոսքը բնակչությանը սոցիալական ծառայություններ մատուցող հաստատություններին է վերաբերում, որտեղ կան մանկահասակ երեխաներ, հիվանդներ:
Խալաթյանն ընդգծեց, որ փորձ է արվում ոլորտը կարգավորել, իսկ թե ինչպիսի հետևանքներ դա կունենա՝ դժվարացավ ասել:
Սոնա Հարությունյան