Լոքյանը մարզպետներին իր մոտ էր կանչել
ՏնտեսությունՏարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ հունվարի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մասնավորապես, քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը, դրա կատարման ընթացքը, հնարավոր խնդիրները և դրանց լուծման ուղղությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Անդրադարձ է կատարվել նաև համայնքների տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման կարգին, մարզերում դրա կիրառման հնարավորություններին և այդ հարցում մարզպետարանների դերի բարձրացմանը։ Քննարկվել են նաև մարզպետարանների 2018թ․ տարեկան աշխատանքային պլանները, դրանցում սահմանված ցուցանիշները, ինչպես նաև այդ ցուցանիշների բարելավմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը։