ՀՅԴ «կոալիցիոն» շանտաժը
ՎերլուծականԱպրիլին սպասվող նոր կառավարության ձևավորմանն ընդառաջ` ՀՅԴ-ն կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՀԿ-ի հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել` նպատակ ունենալով իշխանության ներսում ընդլայնել իր ներկայացվածությունը: Այդ մասին է վկայում ՀՅԴ բյուրոյի և ԳՄ վերջին նիստում ընդունված հայտարարությունը, որտեղ թափանցիկ ակնարկներ կան իշխանության հասցեին` ընդ որում, ձեռքբերումները վերագրելով իրենց, ձախողումների մեղքը բարդելով ՀՀԿ-ի վրա:
Միաժամանակ ՀՅԴ-ն ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ քայլերի արդյունքում է հնարավոր հասնել իրական առաջընթացի, և այդ քայլերի թվում ՀՅԴ-ն առանձնացրել է կադրային քաղաքականությունը: «Վարել բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի մարդկային կապիտալ ձևավորելուն ուղղված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն»,- նշված է այնտեղ: Հասկանալի է՝ այս ակնարկը պատահական չէ և խոսում է ՀՅԴ ցանկությունների մասին:
Բացի այդ, ՀՅԴ առաջարկում է Ընտրական օրենսգրքում վերանայել գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը, խոշորացված համայնքներում ներդնել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդելը եւ ավագանիների ձեւավորման համամասնական ընտրակարգ: Եվ սա այն պարագայում, երբ ՀՅԴ կողմ էր քվեարկել վերոնշյալ ընտրակարգին: Գուցե այն բանից հետո, երբ հենց ռեյտինգայինները ՀՀԿ համար ապահովեցին մեծամասնությունը ԱԺ-ում ՀՅԴ որոշել է մտորել ժամանակին կատարած անհաշվենկատ քայլի համար:
Դաշնակցությունը, երեւի թե, ակնկալում է, որ, ՀՀԿ թիրախավորելով և բացահայտ շանտաժի դիմելով, կբարձրացնի իր կշիռը կոալիցիայում, որն էապես թուլացել է կառավարության փոփոխության գործընթացով: Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը, փաստացի, ՀՅԴ-ՀՀԿ կոլաիցիայի լուծարումն էր: ՀՅԴ-ն առաջին իսկ օրից արժանացավ նոր վարչապետի կոշտ վերաբերմունքին: Նոր կառավարության ձեւավորումն ու ընդհանրապես դրա տակ ձեւավորվող կառավարման հայեցակարգը վկայեցին, որ Սերժ Սարգսյանի համար ՀՅԴ-ն կորցրել է «պրակտիկ» նշանակությունը կամ դրա ահռելի մասը: Վերջերս էլ, դաշնակցական տնտեսագետները կառավարության ուշադրությունն էին հրավիրել շաքարավազի շուկայում առկա մոնոպոլիայի և գերիշխող դիրքի չարաշահման վրա: Այժմ էլ ՀՅԴ-ն ակնարկում է, որ Կարեն Կարապետյանին չի հաջողվում հաղթահարել ո՛չ շաքարավազի, ո՛չ էլ բենզինի շուկայում առկա մոնոպոլիան: ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հայտարարության տողատակում ակնարկ կա այն մասին, որ եթե վիճակը չշտկվի կամ որ նույնն է` Կարապետյանը ապրիլից հետո շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, ապա ՀՅԴ-ն կարող է համալրել ընդդիմության շարքերը: Ի՞նչ է սա , եթե ոչ բացահայտ շանտաժ:
Մյուս կողմից, ՀՅԴ-ն սերտաճել է իշխանական բուրգին և արտաքին ու ներքին քաղաքականության մեջ լիովին համաձայն է ՀՀԿ-ի քաղաքականությանը): Արդյունավե՞տ է այդ ալյանսը երկրի կառավարման տեսակետից: Ոչ: Իշխանական գլխավոր լծակները ՀՀԿ-ի ձեռքին են, և ՀՅԴ-ն գործընկեր չէ, այլ` ուղեկից: Ալյանս չկա: Կա քաղաքական գործարք: Դատելով թվերից ու ծրագրերից` այս կառավարությունը տարածաշրջանում տնտեսական ակտիվության ու տնտեսական աճի չեմպիոն է, և մեղք ու հանցանք է կառուցվածք կամ կազմ փոխելը: Դատելով գնաճից ու կենսամակարդակից` կառավարություն չփոխելն է մեղք ու հանցանք: ՀՅԴ, ինչպես երևում է, կողմ է փոփոխություններին, սակայն՝ իր պայմաններով, ի հաշիվ նոր կառավարությունում իր հոյակերտ կադրերի ավելացման: Իրականում դժվար թե ՀՅԴ ցանկությունները համահունչ լինեն Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագրերին: Այդ պատճառով, կոալիցիոն կրտսեր գործընկերը պետք է ձգտի զսպել իր քաղաքական ախորժակը, վերջնականապես «փուռը» չգնալու համար:
Ստելլա Խաչատրյան