Առանց Թուրքիայի աջակցության՝ ալիևյան կլանը չէր կարող Արցախի հարցն այսքան ձգել. քաղաքագետ
InterviewsՀամանախագահների հայաստանյան այցից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ, քանի որ սա համանախագահների հերթական տարածաշրջանային այցն է. «Բանակցությունները կշարունակվեն այն սուր կետերի շուրջ, որոնք, օրինակ, ըստ Լավրովի՝ մնում են չկարգավորված, և հակամարտող կողմերի դիրքրոշումներն այս հարցում խիստ հակադիր են»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ հավելելով, որ այլևս հնարավոր չէ Արցախի հարցում բանակցությունները վարել նույն տեպմով:
Քաղաքագետի խոսքով՝ Արցախի շուրջ բավականին իրավիճակը սրված է, այնպես որ՝ եթե Բաքվի համանախագահները Հայաստան չեն բերի հարցի լուծման նախնական համաձայնությունը, մենք կարող ենք ասել, որ նրանց այս այցն ապարդյուն է:
Սերգեյ Շաքարյանցի համոզմամբ՝ Արցախյան հակամարտության կարգավորման հետ է կապվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շտապողականությունը, որով պայմանավորված էլ՝ Ադրբեջանում նախագահական ընտրություններն առաջ ընկան և մինչև 2025 թվականը Ալիևը կմնա իշխանության գլուխ. «Ադրբեջանի համար սպառնալիք է և՛ ղարաբաղյան հակամարտությունը, և՛ Իրանի կողմից իրենց հասցեին ուղղված սպառնալիքները, իսկ եթե սրան ավելացնում ենք նաև Եվրոպայի խորհրդում կոռուպցիոն սկանդալը, ապա պարզ է դառնում, թե ինչու է Ալիևը ցանկանում նորից նախագահ դառնալ. չէ՞ որ այդկերպ նա կարող է իր ձեռքում պահել խնդիրների լուծումը, քանի որ Ադրբեջանում կլանային պայքարը շատ խորն է, և այս առումով՝ նա վախենալու շատ բան ունի»:
Քաղաքագետը նշում է, որ Ալիևը միջազգային ասպարեզում չունի այնպիսի հեղինակություն, որը նրան հնարավորություն կտար երկար մնալ իր դիրքում. «Միջազգային ասպարեզում Ալիևն ունի նաև միայն Թուրքիայի աջակցությունը, և եթե չլիներ Թուրքիայի աջակցությունը Ալիևների կլանին, դժվար թե այսքան երկար տարիներ նրանք կարողանային երկարաձգել Արցախի հարցը»:
ԼՈւՐԵՐ.com-ը քաղաքագետից հետաքրքվեց՝ արդյոք Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ փետրվարի 7-ի տարածած հայտարարությունն, ըստ որի՝ ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահներն Արցախյան հարցով կզբաղվեն ընտրություններից հետո, չի փաստում, որ Ալիևը նորից նախագահ դառնալով, ընտրություններից հետ չի սրի իրավիճակը շփման գծում: Հարցին ի պատասխան՝ Շաքարյանցը նշեց. «Հայաստանն Արցախի հարցում իր դիրքորոշումը կոշտացրել է և հնարավոր է, որ նման փորձեր լինեն: Բայց եթե Մադրիդյան սկզբունքներից բացի այլ առաջարկ չկա, չեմ կարծում, որ որևէ գլոբալ փոփոխության ականատես լինենք»: