Ահաբեկչությունների մասին երգը հաղթել է իտալական փառատոնում (տեսանյութ)
VideoԻտալական երգի «Սան Ռեմո» ամենամյա 68-րդ փառատոնի հաղթողներն են դարձել Էրմալ Մետան և Ֆաբրիցիո Մորոն՝ զուգով կատարելով Non mi avete fatto niente («Դուք ինձ ոչ մի բան չեք արել») ստեղծագործությունը, հայտնում է РИА Новости-ն: Երգի մրցույթն ավարտվել է Լիգուրիական ափին գտնվող Սան Ռեմոյի «Արիստոն» թատրոնի բեմում փետրվարի 10-ին:
Հաղթող երգը գրվել է վերջին տարիներին Եվրոպայում իրականացված ահաբեկչությունների շարքի տպավորությունների տակ: Այստեղ խոսվում է «Նիսի՝ կրակից և ամոթից կարմրած ծովի մասին», որտեղ 2016-ի հուլիսին բեռնատարով ահաբեկիչը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ. նաև՝ անձրևոտ լոնդոնյան երկնքի մասին, որը Վեսթմինսթերյան կամրջի վրա հարձակումների շարքից հետո «զեղչեր է անում նույնիսկ հուղարկավորությունների ժամանակ», ինչպես նաև Փարիզում, Բարսելոնում և Կահիրեում համանման արյունահեղ իրադարձությունների մասին:
«Ձեր անիմաստ պատերազմներն ինձանից ոչ մի բան չեն տարել»,- ասվում է երգի տեքստում:
Այս տարվա փառատոնը հեռուստադիտումներով գերազանցել է 1999 թվականից պահպանվող ռեկորդը՝ մրցույթի 4-րդ երեկոն դիտել է 10,1 մլն մարդ կամ ընդհանուր լսարանի 51,1 տոկոսը: Բացման արարողությունը դիտել է 12,2 մլն մարդ կամ 49,1 տոկոսը, անցյալ տարի հեռարձակման վարկանիշը կազմել էր լսարանի 50,4 տոկոսը կամ 11,4 մլն մարդ: