Գյումրիում ռուս զինծառայողի սպանության գործով դատական նիստը կկայանա փետրվարի 23-ին
ԻրավունքԳյումրիում հետաձգվեց ռուս զինծառայողի սպանության գործով դատական նիստը: Այն կկայանա փետրվարի 23-ին: Առաջին դատական նիստը տեղի էր ունենալու փետրվարի 12-ին՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում. դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, սակայն դատը չկայացավ՝ մեղադրող կողմի բացակայության պատճառով:
Ըստ տեղեկությունների պետմեղադրողը դատական նիստի մասին ժամանակին տեղեկացված չի եղել՝ ծանուցումը ստացել է հենց նիստի օրը, ինչի պատճառով էլ նիստին ներկա չէր: Նիստին ներկա էին ամբաստանյալ Արման Ջանջուղազյանը և ամբաստանյալի շահերի պաշտպան Գուրգեն Հարությունյանը:
Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ նա ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ. ապրիլի 22-ին` ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը,դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով նրան:
Արմենուհի Մխոյան