Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան. նա խոստացել է կրկին վերադառնալ Ուկրաինա (տեսանյութ)
VideoՎրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որի նախօրեին արտաքսել էին Լեհաստան, հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինա վերադառնալ:
Ինչպես հայտնում է «Россия 24»-ը, Սաակաշվիլին վստահ է, որ դրա համար միջոցներ կգտնի:
Ուկրաինայի քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակից քաղաքական գործչին փետրվարի 12-ին ձերբակալել էին Կիեւի կենտրոնում եւ նույն օրն իսկ արտաքսել Լեհաստան: Հաղորդվում է, որ այսօր՝ փետրվարի 13-ին, Սաակաշվիլին մամուլի ասուլիս կհրավիրի, որի ժամանակ կհայտնի իր ծրագրերի մասին:
Միեւնույն ժամանակ, Թբիլիսում ակնկալում են, որ Վարշավան կպատասխանի Սաակաշվիլիին արտահանձնելու մասին հարցմանը:
Ուկրաինայի սահմանային ծառայությունը հայտարարել է, որ Սաակաշվիլիի վերադարձի համար իրավաբանական հիմքեր չկան:
Մինչ այդ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբահիձեն հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին արտահանձնման դեպքում կալանք է սպասվում:
Սաակաշվիլիի դեմ, ով Վրաստանը լքել էր 2013 թ. նոյեմբերին, հեռակա կարգով այս պահին մի քանի քրեական գործ է հարուցված: Քրեական գործերը հարուցվել են 4 մասով, որոնք են իշխանության չարաշահում, ծառայողական լիազորությունների չարաշահում կապված 2005թ. հունվարին բանկային ծառայող Սանդրո Գիրգվլիանիի սպանության հետ (նա մահացած էր հայտնաբերվել Թբիլիսիի ծայրամասի ռեստորաններից մեկում ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ վեճից հետո): Այդ գործով դատապարտվել են ՆԳՆ 4 աշխատակից, սակայն հետո համաներմամբ ազատ են արձակվել: Քննությունը ենթադրում է, որ հենց Սաակաշվիլին է կոծկել իրական հանցագործներին, բյուջետային միջոցների վատնում:
Ինքը՝ Սաակաշվիլին, չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները: Այդ գործերից ոչ մեկով առայժմ չկա դատարանի որոշում: Սաակաշվիլին Վրաստանում գտնվում է հետախուզման մեջ, դատախազությունը պարբերաբար Ուկրաինայից պահանջում է արտահանձնել նրան:
Վրաստանը բազմիցս դիմել է Ուկրաինային Սաակաշվիլիի ձերբակալման եւ արտահանձնման հարցով, բայց քանի դեռ նա Օդեսայի նահանգապետի պաշտոնն էր զբաղեցնում, այդ դիմումները մերժվում էին: Այժմ Սաակաշվիլին Ուկրաինայում զբաղեցնում է ընդդիմադիր դիրքեր, նրա դեմ Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել:
Ավելի վաղ Սաակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլովսը, հայտարարել էր, որ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններն իր ամուսնու ձերբակալման հարցում գործում են փոխհամաձայնեցված ու կազմակերպում են նրա հետհանձնումը Կիեւից Թբիլիսի: