Նարեկ Սարգսյանի ընտրությունը. «Զվարթնո՞ցը», թե՞ Էռնեկյանի բիզնես շահերը
Analytical«Երեւան նախագիծ» ինստիտուտի երկարամյա նախկին տնօրեն Գուրգեն Մուշեղյանը հանդիպել է Քաղաքաշինության պետական Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ, ծանոթացել Էդուարդո Էռնեկյանի ներկայացրած նոր նախագծին, որով նախատեսվում է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքին կցակառույցներ ավելացնել, նոր ֆունկցիաներ տալ։ Վերջերս էլ հրապարակվեց օդանավակայանի հեռանկարային զարգացման ծրագիրը՝ «մաստեր-պլանը», ըստ որի՝ հին շենքը քանդելն արդեն օրակարգում է։ Իհարկե, ոչ մեկին չի հուզում այն փաստը, որ կան օրենքներ, կան նորմատիվներ և Երևանում քանդել-կառուցելու պրոցեսը չպետք է լինի ինչ-որ մեկի քմահաճույքի թելադրանքով:
Մուշեղյանն այնքան վատ տպավորություն է ստացել նախագծից, որ խնդրել է Նարեկ Սարգսյանին՝ ամեն գնով կանգնեցնել այդ կառույցի իրականացումը։ Նարեկ Սարգսյանը համաձայնել է, որ առաջարկը հաջողված չէ եւ խոստացել է չհաստատել առաջարկված նախագիծը։ Իհարկե, Նարեկ Սարգսյանի շուրթերից նման բան լսելը ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ վերջինս տարիներ շարունակ մեծ սեր է դրևորել Երևանի պատմական կերպարը, դեմքը քանդելու, անգամ՝ պայթեցնելու և փոխարենը գերանճաշակ նորակառույցներ վեր խոյացնելու նկատմամբ: Դժվար է ենթադրել, որ Սարգսյանի մոտ ինչ-ինչ հրաշքով արժեհամակարգի փոփոխություն է տեղի ունեցել և նա գիտակցել է, որ Երևանի աղճատման թիվ մեկ պատասխանատուներից է: Էլ ավելի դժվար է պատկերացնել, ինչպես է Նարեկ Սարգսյանը մերժում Հայաստանի Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին և ինչպես է վերջինիս բացատրելու, որ «Զվարթնոցի» շենքը համարվում է համաշխարհային ճարտարապետության լավագույն կառույցներից մեկը, որը ներկայացնում է 50-ականների մոդեռնիզմը:
Իհարկե, Սարգսյանին դա չի հաջողվի, նա ո՜ւր, մոդեռնիմզն ո՜ւր... Սարգսյանը փորձում է Երևանի ճակատագրով մտահոգված լինելու պատրանք ստեղծել, նշենք նաև, որ օդանավակայանը ՀՀ համար ունի անվտանգության գործառույթ. այն շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար միակ կապն է արտաքին աշխարհի հետ: «Զվարթնոցն» ուներ 14 կառամատույց, մինչդեռ Էռնեկյանն ու իր թիմն առաջարկում են 6 գործող կառամատույցներին ավելացնել ևս 6-7-ը: Այսինքն՝ ձևավորել մի օդանավակայան, որը զիջում է եղածին: Էռնեկյանն ու իր թիմը նպատակ ունեն բիզնես ծրագիր իրականացնել՝ իրենց բիզնեսը «ռելոկացիա» անել, ուստի՝ քանի որ ՀՀ-ում կա երկու օդանավակայան, մեկը պետք է քանդել, որպեսզի մյուսի գինը բարձրանա, և Էռնեկյանը կարողանա այն բարձր գնով վաճառել: Պատրա՞ստ է արդյոք Նարեկ Սարգսյանն Էռնեկյանի բիզնես պրոյեկտների դեմն առնել՝ առնվազն մեկ անգամ ընտրելով Երևանի և երևանցու շահը…
Ստելլա Խաչատրյան