ԱՄՆ-ի նախազգուշացումը Արցախին
АналитическийՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցին, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել ռազմական գործողությունների, հայտարարել է. «Այդ տեսակետից հայկական կողմերը միշտ պատրաստ են ցանկացած զարգացումների: Այն հանգամանքը, որ պայթյունավտանգ է իրավիճակը, բոլորիս համար ակնհայտ է, դրա վկայությունն են 2016 թվականի ապրիլյան դեպքերը»:
Միանգամայն բնական է, որ Հայաստանի հասարակությունը շատ զգայուն է այդօրինակ կանխատեսումների կամ ահազանգերի հանդեպ, հատկապես, եթե խոսքն այնպիսի կառույցների մասին է, ինչպիսին ԱՄՆ հետախուզությունն է: Ինչո՞վ է պայմանավորված նման զեկույցի հրապարակումը: Մինչ լարվածությունն աճում է, միջազգային միջնորդությունը լճացման մեջ է: Ռուսաստանը շարունակում է մնալ ամենաազդեցիկ միջազգային դերակատարը, սակայն նրա դերակատարությունը խիստ խճճված է: Մինսկի խմբում նա առաջինն է հավասարների մեջ, բայց նաև Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինության առաջին մատակարարը: Ընդ որում, երկու երկրներն էլ կասկածներ ունեն, որ Ռուսաստանն առավել շահագրգռված է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու, քան խնդիրը լուծելու մեջ: Միայն, երբ արդեն միայնակ հնարավոր չի լինում, Ռուսաստանը կիսում է պատասխանատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ, բայց Փարիզը և Վաշինգտոնը զբաղված են ներքին քաղաքական խնդիրներով: Ո՛չ Բաքուն, ո՛չ Երևանը չեն վստահում Ռուսաստանին, Մինսկի խմբին կամ այլ միջազգային համակարգերի. դա ակնհայտ է: Եվ դա ինքնին լարվածության սրմանը նպաստող գործոն է:
Այն, որ ԱՄՆ ԱՀ զեկույցին հաջորդում է ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի նման հայտարարութուն, իհարկե պատահականություն չէ: Սակայն, արդյո՞ք իրավիճակն այդ աստիճան դուրս է վերահսկողությունից, ինչպես դա փորձել է ներկայացնել Արևմուտքը: Հարավկովկասյան ուղղությամբ Մոսկվային անհրաժեշտ է պահպանել կայունություն տարածաշրջանում` ինչպես ճանապարհային այլընտրանքային հաղորդակցությունների վերականգնման ռուսական վերջին նախաձեռնությունների իրագործման, այնպես էլ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում և ինչը ամենակարևորն է՝ ՌԴ-ում ներքաղաքական, ընտրական գործընթացներն առանց ցնցումների անցկացնելու հարցում:
Եթե բանակցություններին կողմերը կարողանան գալ այս հարցերի շուրջ պայմանավորվածությունների, ինչի հավանականությունն այս պահի դրությամբ քիչ է` պայմանավորված Ալիևի ախորժակով Արցախյան հիմնախնդրում, ապա ապրիլին ընդառաջ՝ լարվածությունն առաջնագծում դուրս չի գա վերահսկողությունից: Սակայն, ամենայն հավանականությամբ, մինչև ապրիլ Ալիևը կգնա սահմանագծում լարվածության մեծացման` առաջին հերթին շեղելու հասարակությանը ներքին սոցիալական հարցերից, ստանալու «խոստումներ» միջազգային հանրությունից և իհարկե նախընտրական քարոզչության շրջանակներում դիվիդենտներ քաղելու նպատակով: Դրանից բացի, այն, որ Ալիեւը համանախագահների հետեւից անում է հուսահատ բացականչություններ, պետք է առավել բարձրացնի հայկական կողմի զգոնությունը, քանի որ անկյուն քշված վիճակում նա դառնում է առավել անկանխատեսելի:
Ստելլա Խաչատրյան