Բա մի հատ բերեք՝ տեսնենք էդ պլանը ո՞նց եք հաստատել․ վարչապետը՝ փոխնախարարին (տեսանյութ)
PoliticalՎարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի փետրվարի 22-ի նիստի ավարտին ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցիչների գործունեության մեջ տնտեսական բաղադրիչի ներառման շուրջ քննարկումներ կատարել են:
«Բոլոր նախարարությունները, գերատեսչությունները, որոնք հետաքրքրություններ ունեն մեր դիվանագիտական կորպուսի հետ աշխատելու հարցում, պետք է հստակ ձևակերպեն, թե դիվանագետներն ինչ չափորոշիչներով պետք է տարեվերջին հաշվետվություն տան, որովհետև առաջին փուլում նայել ենք՝ եղել են ժողովներ, հանդիպումներ, որոնց կիրառական կոնկրետ արդյունքը չափելի չէ: Շատ շտապ դա պետք է անել, շատ երկար ենք այդ հարցին մենք անդրադարձել»,- ասաց վարչապետը:
Վերջինիս խոսքով՝ անհասականալի է, թե Հայաստանի դեսպաններն իրենց հաշվետվություններն ինչ հայտանիշներով են ներկայացնելու, թեպետ այս հարցի վերաբերյալ եղել են քննարկումներ։
Կառավարության ղեկավարի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ փոխնախարարը նշեց, որ 2017-ի օգոստոսի 3-ին կառավարության որոշումով հաստատվել են դեսպանատների առջև դրված չափորոշիչները, որտեղ ֆիքվսել է նորմ, որով արտաքին գործերի նախարարը պետք է սահմանի տարեկան պլանը:
Հարությունյանի այս դիտարկմանն ի պատասխան վարչապետը նշեց․ «2018 թվականի պլանը հաստատել եք, բա մի հատ բերեք, տեսնենք՝ ինչ եք հաստատել, կարող ա ճիշտ չեք հաստատել, տեսնենք էդ պլանը ո՞նց եք հաստատել»,-ասաց Կարապետյանը՝ հանձնարարելով ներկայացնել այն Կառավարություն: