Հավերժ բոյկոտելով չէին կարող խնդիր լուծել. Արթուր Բաղդասարյանը` Վանաձորում ՀՀԿ-ի հետ հուշագիր ստորագրելու մասին
Political«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը բացատրել է, թե ինչու մեկ տարի «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտելուց հետո որոշում կայացրեցին հուշագիր կնքել ՀՀԿ-ի հետ: ՕԵԿ 15-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Բաղդասարյանը նախ պարզաբանեց, որ նման որոշում է կայացրել ոչ թե կուսակցության վարչությունը, այլ Վանաձորի տարածքային կառույցը:
«Հետո մարդիկ չէին կարող հավերժ բոյկոտով խնդիրներ լուծել: Դա մեր կուսակցության տարածքային կառույցի որոշումն էր, որին մենք կողմնակից էինք: Եթե ավագանին պիտի 4 տարի աշխատի, իսկ իրենք, օրինակ, 1.5 տարի բոյկոտում էին, հետո ի՞նչ պիտի անեին, 1.5 տարի էլ բոյկոտե՞ին»,- նշեց Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցել է իրենց կուսակցության տեղական կառույցը և հենց տեղական կառույցն էլ քվեների տերն է: «Տեղական կառույցն է այդ որոշումը ընդունել, և իրենք էլ գնացել այդ հուշագիրը ստորագրել են, և այսօր աշխատում են Վանաձորի խնդիրները լուծելու համար: Ես այստեղ որևէ վատ բան չեմ տեսնում»,- մանրամասնեց ՕԵԿ առաջնորդը:
Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցներն 2017թ. նոյեմբերի 18-ին համագործակցության հուշագիր են կնքել՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։ Համաձայնագրի ստորագրումից հետո ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանն ավագանու կողմից ընտրվեց Վանաձարի փոխքաղաքապետի պաշտոնում: Մինչ հուշագրի ստորագրումը ՀՎԿ-ն, «Լուսավոր Հայաստան»-ը և ԲՀԿ-ն բոյկոտում էին Վանաձորի ավագանու նիստերը: