Երախտագիտության մեդալ՝ Կարինե Աճեմյանին և Մարգարիտ Եսայանին
ՀայաստանՀայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև սեմինարին մասնակցած՝ Արցախի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող կանայք:
Հանրապետության Նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանին և Մարգարիտ Եսայանին՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվոգրով, շնորհակալագրով և հուշանվերներով են պարգևատրվել կանանց խորհրդի մի խումբ անդամներ՝ կուսակցական, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար: