Թբիլիսիի իր բնակարանում քրեական հեղինակություն է սպանվել
ՀասարակությունՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում սպանվել է քրեական հեղինակություն՝ 61-ամյա Գոգի Խատոեվը:
Rustavi 2 հեռուստաալիքի փոխանցմամբ, սպանվածին հայտնաբերել են Թբիլիսիի կենտրոնի բնակարաններից մեկում՝ այսօր առավոտյան: Տղամարդուն սպանել են՝ հրազենից կրակոց արձակելով գլխին:
Հեռուստաալիքի տվյալներով, նախկին հայտնի քրեական հեղինակությունը վերջին տարիներին փոխել էր իր ազգանունն ու հանդես էր գալիս որպես Գոգի Ռատիանի:
Նրա սպանության վարկածները տարբեր են, ըստ դրանցից մեկի՝ սպանության շարժառիթը Խատոեվի մեծ պարտքերն են եղել, իսկ ըստ մյուս վարկածի՝ սա վրեժ է եղել նախկինում արված հանցավոր արարքների համար:
Սպանության դեպքով հարուցվել է քրեական գործ՝ կանխամտածված սպանության հոդվածով: