Փոփոխություններ՝ ցմահ ազատազրկման կարգում (տեսանյութ)
PoliticalՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պատրաստվում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ իրականացնել և առաջարկվող փոփոխություններն այսօր քննարկվեցին կազմակերպված կլոր սեղանի ժամանակ, որին ներկա էր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Քննարկման մասնակից, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշեց, որ ցմահ ազատազրկման շեմը պետք է սահմանվի 21 տարեկանը, ու թեև աշխատանքային խումբը նախնական տարբերակում նշել էր 21 տարեկանը, սակայն վերջնական տարբերակում նորից սահմանվել է 18 տարեկանը:
Իրավապաշտպանը նշեց, որ իրենք առաջարկում են բարձրացնել տարիքային շեմը. «Արդարադատության նախարարությունը մերժել է՝ ասելով, որ մենք պատերազմական վիճակի մեջ ենք: Ինձ համար լրիվ անհասկանալի է սա: Իրավապաշտպան կազմակերպությունները միշտ պայքարում ենք բանակում հանցագործությունների դեմ, բայց հաշվի առնենք մի բան, որ բանակում հանցագործություն կատարողները նույնպես զոհեր են: Անչափահաս մարդիկ են եւ նրանց հետ այդպես դաժան չի կարելի վարվել»,-ասաց նա:
Խոսելով Քրեական օրենսգրքում առաջարկվող մյուս փոփոխությունների մասին՝ Իշխանյանը նշեց, որ մտահոգիչ է, որ առաջարկվում է ահաբեկչությունը արդարացնելը կամ քարոզելը քրեականացնել․ «Ենթադրենք մեկն ասում է, որ Դրաստամատ Կանայանը մեծ զորավար է: Հիշենք, որ նա Նակաշիձեի նկատմամբ ահաբեկչություն է իրականացրել: Թեհլերյանը հայոց մեծերից է, նրա նկատմամբ պատիժ պե՞տք է կիրառվի: Այդ հոդվածը կարող է շատ կամայական ձևվ կիրառվել»,-նշեց նա։
Նշենք, որ ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: