Հրավառության նյութերը սահմանափակումներով կվաճառվեն. ընդունվեց ընդդիմադիր պատգամավորի առաջարկը
ԲլոգոսֆերաԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում հրավառությունների կարգավորմանն ուղղված 2-րդ ընթերցմանը ներկայացվող նախագծերի քննարկման ժամանակ ընդունվեց իմ առաջարկը, որով հրավառության նյութեր կվաճառվեն բացառապես իրավաբանական անձանց:
Սա նշանակում է, որ հրավառության նյութեր վաճառողներին կարգելվի ֆիզիկական անձանց վաճառել հրավառության պարագաներ, իսկ խնջույքներ կազմակերպող իրավաբանական անձինք հրավառություն անելու նյութերը կգնեն միայն համայնքի կողմից տրված տարեկան թույլտվության հիման վրա և հրավառությունը կիրականացնեն իրենց մասնավոր տարածքում՝ օրվա հստակ սահմանված ժամին:
Առանց թույլտվության հրավառության նյութի վաճառքը վաճառողի համար կառաջացնի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով: Հրավառություն իրականացնելու թույլտվության վճարի չափը կորոշի ամեն համայնքի ավագանին: Միևնույն ժամանակ, թույլտվության վճարը պետք է լինի տարեկան 50.000-300.000 ՀՀ դրամի սահմաններում:
Առանց թույլտվության հրավառություն իրականացնողը կտուգանվի առաջին դեպքի համար 300 հազարից -1 մլն ՀՀ դրամով, երկրորդ անգամ՝ 1 մլն 300 հազարից - 2 մլն դրամով: Հուսով եմ, որ այս սահմանափակումները ինչ-որ չափով կօգնեն պահպանել քաղաքացիների երեկոյան և գիշերային հանգիստը: Հրավառությունների կարգավորմանն ուղղված նախագծերի փաթեթը 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ կընդունվի ԱԺ-ի առաջիկա հերթական լիագումար նիստերի ժամանակ»: