Ռուսաստանի ԿԸՀ-ն ամփոփել է նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցության առաջին արդյունքները
ՌուսաստանՌուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցության առաջին արդյունքները: ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ մասնակցությունը կազմել է 16,55 տոկոս: Մոսկվայում տեղական ժամանակով 11:00-ին քվեարկել է ընտրողների 5,98 տոկոսը, Սանկտ Պետերբուրգում՝ 4,47 տոկոսը, Ղրիմում՝ 13,08 տոկոսը, փոխանցում է ՌԲԿ-ն:
ԿԸՀ նախագահի խոսքով՝ երկրի տարածքում գործում է «մոտ 97 հազար ընտրատեղամաս», որոնց թվում մոտ 48 հազարը տեղակայված է քաղաքներում, ևս 48 հազարը՝ գյուղական բնակավայրերում։
Ռուսաստանի մայրաքաղաքում բացվել է ավելի քան 3,6 հազար ընտրատեղամաս։
Ընտրության իրավունք ունեցողների թիվը կազմում է 107,2 միլիոն մարդ։
Քվեարկած ռուսաստանցիների թիվը գերազանցում է նախորդ նախագահական ընտրություններում Մոսկվայի ժամանակով 10:00-ի դրությամբ մասնակցությանը, երբ այդ ժամին քվեարկել էր ընտրողների 12,2 տոկոսը: 2012 թվականին ընտրություններին ընդհանուր մասնակցությունը կազմել էր 65,34 տոկոս:
Քվեարկությունը սկսվել է մարտի 17-ին Հեռավոր Արեւելքում Մոսկվայի ժամանակով 23:00-ից: Յուրաքանչյուր տարածաշրջանում քվեարկությունը կընթանա տեղական ժամանակով 8:00-ից 20:00, քվեարկությանը ընդհանուր կմասնակցեն Ռուսաստանի 85 տարածաշրջանների բնակիչները: Ընտրական առաջին տեղամասերը բացվել են Կամչատկայում եւ Չուկոտկայում, որից հետո Մոսկվայի ժամանակով 00:00-ին տեղամասեր են բացվել Սախալինում եւ Մագադանի մարզում: