Հայրս ծերանոցում էր, քույրս ինձ չի տեղեկացրել նրա մահվան լուրի մասին. Նաիրա Մովսիսյանը պարզաբանում է
ՏեսանյութերՕրեր առաջ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը հարազատների և ընկերների հետ միասին տոնեց իր ծննդյան 30-րդ տարեդարձը: Պարզվում է, սակայն, որ հենց նույն օրը կյանքից հեռացել է Նաիրայի հայրը, ում հետ դերասանուհին այս տարիների ընթացքում շփման որևէ կապ չի ունեցել:
Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ ճշտելու, թե արդյո՞ք ինքը տեղյակ է եղել հոր մահվան լուրի մասին:
«Ինձ այդ օրը ոչ ոք ոչ մի բան չէր ասել: Նրա հետ ես վաղուց է, ինչ շփում չեմ պահպանում»,- նշեց Նաիրան:
Նրա խոսքով՝ հոր՝ մահամերձ լինելու մասին ինքը տեղեկացել է ընդամենը երկու շաբաթ առաջ.
«Բացի ինձանից, նա ունի ևս 4 երեխա, որոնց հետ շփում հայրս ունեցել է: Սակայն այս ամենով հանդերձ՝ նա գտնվում էր ծերանոցում: Երբ երկու շաբաթ առաջ քույրս զանգահարեց և ասաց, որ նա մահամերձ է, ես ամեն ինչ դրեցի մի կողմ և այցելեցի նրան՝ կարծելով, թե հայրս գտնվում է խնամքի կենտրոնում: Սակայն գնալով այնտեղ՝ պարզեցի, որ դա ոչ թե խնամքի կենտրոն, այլ՝ ծերանոց է: Դրա մասին ևս տեղյակ չէի»,- պատմեց Նաիրա Մովսիսյանը՝ շարունակելով.
«Ես իմ հայրիկին վերջին անգամ չեմ հիշում, թե երբ եմ տեսել, երևի թե 3-րդ դասարանում: Ես մենակ եմ մեծացել, բայց իմանալով նրա առողջական վիճակի մասին՝ մարդ գտնվեցի, մոռացա նրա բոլոր չարածները և ցանկացա տեսնել: Երեխաներից ես միշտ նրա սիրելին եմ եղել, սակայն 20 տարուց ավել է, ինչ նա ինձ չէր տեսել: Այս տարիների ընթացքում ես որ «մեռել» կամ «ողջ» եմ եղել, ոչ ոք տեղյակ չի եղել դրա մասին»,- պատմեց Նաիրան:
Ինչպես նշեց դերասանուհին՝ ինքը հոր մահվան մասին լուրը տեղեկացել է լրագրողներից.