24 ժամյա զինված հսկողությունից մինչև ազատազրկում․ նոր օրենք՝ ընդդեմ ծառահատողների
ՀասարակությունՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այն հազմոզմանն է, որ նորաստեղծ անտառային պետական կոմիտեն անտառների պահպանության ոլորտում հեղափոխություն է իրականացնելու․ «Անտառների պատշաճ պահպանություն, առողջ անտառների ձևավորում, կենսաբազմազանության ազատ գոյություն․ ահա այն հիմնական ֆունկցիաները, որոնք դրված են այս կոմիտեի վրա։ Մյուս կողմից, Անտառային պետական կոմիտեն պետք է թույլ չտա ճնշում անտառների վրա և պարտավորվել է պահպանելով անտառները՝ ստեղծել շահույթ։ Կոմիտեն այս հարցում պետք է իրականացնի արմատական փոփոխություններ»,-այսօր Անտառային պետական կոմիտեի 2018-2021 թթ զարգացման ծրագրի մեկնարկից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։
Խոսելով նոր ստեղծվող կոմիտեի ֆինանսավորման աղբյուրների մասին՝ Մինասյանը նշեց, որ Հայանտառի ֆինանասավորման շրջանակներում է այն իրականացվելու և հատկացվող գումարն այս պահին կազմում է 1 մլրդ դրամ, որին ավելանանալու է նոր դրամաշնորհներ ձեռք բերելու հնարավորությունը․ «Մեր ունեցած 1 մլրդ դրամին ավելացվելու են դրամաշնորհները։ Ընդհանուր առմամբ՝ բիզնես ասելով, մենք պետք է հասկանանք անտառի տված հնարավորությունը էկոզբոսաշրջության գոտու վերածելը, բայց ոչ երբեք անտառը վնասելով շահույթ ստանալու տարբերակը։ Մենք պետք է այնպես անենք, որ բիզնեսը անտառից դուրս գա»,-ասաց նախարարը։
Վերջինս նաև նշեց, որ այս պահին Կառավարությունը պատրաստում է օրենսդրական նախաձեռնություն, որն առավելագույնս խստացնելու է անտառպահպանության գործընթացը․ «Քանի որ այս պահին գործում է օրենք, որով զենք ենք տալիս անտառը հսկողին, բայց նա իրավունք չունի այն կիրառել, ուստի Կառավարությունը պատրաստում է լայնամասշտաբ օրենսդրական փոփոխություններ, որով անտառպահպանություն իրականացնող աշխատակիցը իրավունք է ունենալու լինել զինված, ունենալու է իրավունք զենք կիրառելու, անտառախախտի ձեռքից վերջինիս կիրառած գործիքները առգրավելու: Հսկողությունն իրականացվելու է 24 ժամ։ Նոր օրենքով անտառն ապօրինի հատողները կզրկվեն ազատությունից և կենթարկվեն քրեական պատասխանատվության»,-նշեց նախարարը և հավելեց, որ օրենսդարական նախաձեռնությունը շուտով կներկայացվի Կառավարության համաձայնությանը, որից հետո կմտնի Ազգային ժողովի օրակարգ։
Աղավնի Սուքիասյան