«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն հայց է ներկայացրել «Սասնա Ծռեր» խմբի անդամի դեմ
Общество«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը քաղաքացիական հայց է ներկայացրել «Սասնա Ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի դեմ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը:
Ըստ հայցադիմումի՝ Հովհաննես Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ին պատճառել է 54975 դրամի վնաս:
«Հայցը վերաբերում է 2016թ. դեկտեմբերի13-15-ը ընկած ժամանակահատվածում գույքի ոչնչացմանը: Ըստ հայցադիմումի՝ իմ պաշտպանյալը վնասել է թիվ 4 հիվանդասենյակի պատուհանի ապակին, կոտրել է աթոռի հենակը, պահարանի դուռը։ Բացի հասցված վնասի չափը` 1500 դրամ էլ ՔԿՀ-ն պահանջել է որպես հայցի համար վճարված պետական տուրքի գումար: Նշել են, որ նշված ժամանակահատվածում Հովհաննես Հարությունյանը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորել, սակայն, պետք է ասեմ, որ անձը միաժամանակ չի կարող և' ոչ ադեկվատ վարքագիծ դրսևորել, և' միևնույն ժամանակ միտումնավոր գործողություն իրականացնել»,- ասաց Հայարփի Սարգսյանը:
Փաստաբանն ընդգծեց՝ նման վիճելի պարագայում ոչնչացված գույքի համար վնասի փոխհատուցում պահանջելն անմտություն է. «Ես միջնորդել էի դատաբժշկական փորձաքննություն իրականացնել այդ ընթացքում՝ պարզելու՝ ինչո՞ւ էր Հովհաննես Հարությունյանի վարքագիծը փոխվել, սակայն, դա մերժվեց, իսկ դա նշանակում էր, որ ինչ-որ բան այն չէր: Ես կարծում եմ, որ դրա պատճառը հոգեմետ դեղերի ազդեցությունն էր, որովհետև իր վարքագիծը հիմնականում դա էր ցույց տալիս: Հովհաննես Հարությունյանը հրաժարվում է գումարը փոխհատուցելուց, որովհետև դա միտումնավոր չի արվել, և կամքից անկախ է ագրեսիվ վարք դրսևորել: Եվրոպացի բժիշկն անգամ արգելել էր օգտագործել տրամադրվող դեղերը, քանի որ դրանք ագրեսիվ էին դարձնում մարդկանց: Վիրավոր ոտքը բուժելու փոխարեն՝ դեղերի միջոցով նրան տանում էին մահվան: Փորձում էին հոգեբուժարան տեղափոխել՝ ոտքը բուժելու թեման փակելու համար»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Հովհաննես Հարությունյանը անգամ չի հիշում՝ ի՞նչ է տեղի ունեցել այդ օրերին:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում 2016թ. հուլիսի 26-ին: Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը պարբերաբար ահազանգում էր նրա առողջական վիճակի վատթարացման մասին՝ նշելով, որ նրա ոտքը վիրահատության կարիք ունի, ինչը չի իրականավցվում:
Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:
Սոնա Հարությունյան