ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դեմ է Ռուսաստանի հետ սպառազինության նոր մրցավազքին
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ցանկանում Ռուսաստանի հետ սպառազինության նոր մրցավազք: «Մենք սպառազինության նոր մրցավազք չենք ցանկանում: Մենք նոր սառը պատերազմ չենք ցանկանում»,- ասել է նա Կանադա այցի ժամանակ, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
Ստոլտենբերգը նաեւ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ամենեւին չի ձգտում Ռուսաստանին մեկուսացնել Մեծ Բրիտանիայում նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլյայի թունավարման շուրջ ծագած սկանդալի ֆոնին: «Մենք շարունակում ենք հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, որովհետեւ Ռուսաստանը մեր հարեւանն է, Ռուսաստանը եղել է եւ կմնա: Մենք չենք փորձում նրան մեկուսացնել»,- ասել է նա:
Միեւնույն ժամանակ, Ստոլտենբերգը նշել է, որ Սկրիպալի գործի ֆոնին ՆԱՏՕ-ն ձգտում է արձագանքել «հստակ, վճռական եւ կանխատեսելի, սակայն համաչափ եւ պաշտպանական կերպով»: Ռուսաստանի հետ հարաբերություններում ՆԱՏՕ-ն առաջնորդվում է կրկնակի մոտեցմամբ, որը մեկտեղեւմ է «ուժեղ պաշտպանությունը եւ երկխոսության անկեղծությունը», նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը: