«Այս հանցագործները մեր տնից չեն հեռանա, մինչև մենք չքշենք...». Արմեն Զատիկյան
ПолитическиеԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սփյուռքում և հայրինքում հայտնի ազգային-հասարակական գործիչ Արմեն Զատիկյանն անդրադառնալով Հայաստանի ներկայիս քաղաքական կյանքին այն որակեց թատրոն՝ ընգծելով, որ դրա մասին խոսելն ուղղակի զզվանք է առաջացնում: Թերևս բոլորին է հայտնի, որ Հայաստանը տարբեր կապերով կապված է Ռուսաստանին: Անդրադառնալով այս հարցին, Զատիկյանը նշեց.
«Ներկայիս իշխանության ներկայացուցիչներն ամեն ինչ անում են գողացված իշխանությունը պահելու համար, քանի որ լավ հասկանում են այն կորցնելու «գինը»: Մոսկվան մեր սիրուն աչքերի համար չի դողում մեր վրա, պարզապես լավ գիտի, որ կորցնելով Հայաստանը՝ կորցնում է Կովկասը, իսկ առանց Կովկաս Ռուսաստանը կվերածվի դիակի»:
Խոսելով վերջին շրջանում հայաստանյան քաղաքական կյանքում կատարվող փոփոխությունների մասին, հասարակական գործիչը նկատեց, որ սահմանադրական փոփոխությունները, նախագահականից՝ վարչապետականի անցումը բոլորն արվում են ժամանակ շահելու համար.
«Այս ամենն արվում է ժողովրդին խաբելու և հանցագործ իշխանությունը երկարաձգելու նպատակով: Մեր միամիտ ժողովուրդն է, որ խայծը կուլ տալով շարունակում է դրանց տոն տալ, վերլուծել, քննարկել, բողոքել ու դրանով իր պարտքը կատարած համարել: Մարդկությանը հայտնի բոլոր բռնապետությունները տապալվել են ժողովրդական ապստամբություններով: Որքան էլ մենք ինքներս մեզ խաբենք, թե «ՄԵՐՆ ՈՒՐԻ՛Շ Է», միևնույնն է մի գեղեցիկ օր հասկանալու ենք, որ դրանով սոսկ երկարաձգում ենք ռեժիմի կյանքը և թանձրացնում շնչահեղձ լինող երկրի գաղջը»:
Երկրի և ժողովրդի փրկությունն, ըստ Զատիկյանի, ներկայիս իշխանության ներկայացուցիչներից երկիրն ազատագրելն է. «Այս հանցագործները մեր տնից չեն հեռանա, մինչև մենք չքշենք...»,- եզրափակեց Զատիկյանը:
Սոնա Հարությունյան