Անփոխարինելի անձ չկա այս երկրում․ Հրանտ Մարգարյան
ՔաղաքականԱրմեն Սարգսյանը պետք է կարողանա ներազգային միասնականության մթնոլորտ ձևավորել ու դառնալ ազգային արժեհամակարգի ստեղծող։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։
«Կարծում եմ, որ Արմեն Սարգսյանի ընտրությունը շատ ճիշտ որոշում էր»,-ասաց Մարգարյանը։
Հարցին՝ արդյո՞ք ՀՅԴ-ն ևս փաստում է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Մարգարյանը պատասխանեց․ «Չկա որևէ անձ այս երկրում, ով անփոխարինելի է»,-ասաց նա, նշելով, որ եթե իրենք մեծամասնություն ունենային, դաշնակցական թեկնածու կառաջադրեին, իսկ այսպես՝ չեն խառնվում ՀՀԿ-ի գործերին և ազատ են թողել վարչապետի թեկնածուի հարցը:
Հրանտ Մարգարյանը լրագրողներին խորհուրդ տվեց չկառչել Սերժ Սարգսյանի՝ «Ես չեմ հավակնում երրորդ անգամ պաշտոնավարել» հայտնի արտահայտությունից՝ ընդգծելով, որ եթե նա հավակներ և Հանրապետական կուսակցությունը չցանկանար՝ որևէ բան չէր կարող անել։ «Ինքն է համարում, ինքն իր հավակնությունների մասին է խոսել, մեզ ինչ, ձեզ ինչ»։
«Հավակնել բառը առաձգական բառ է, որին կարող ես տարբեր մեկնաբանություններ տալ»,-ասաց Մարգարյանը՝ ընգծելով, որ պետք է մոռանալ նախկինում արած հայտարարությունները և հետևել կուսակցության որոշումներին։