Ալիևին չհաջողվեց խաբել ԵԱՀԿ-ին
AnalyticalԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը ստիպված է եղել դադարեցնել Ադրբեջանի նախագահական ընտրություններին նվիրված մամուլի ասուլիսն այն բանից հետո, երբ մի խումբ իշխանամետ լրագրողներ և իշխանության ներկայացուցիչներ սկանդալ են բարձրացրել: Վերջիններիս խիստ հիասթափեցրել է առաքելության կողմից ճիշտը դեմքին ասելու փաստը, քանի որ ադրբեջանական իսթեբլիշմենթը և ծախված «լրագրողները» ոչ դեմք ունեն, ոչ էլ ճիշտը լսելու կամք: Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մատուցված ճիշտը հետևյալն էր` ընտրություններն անցկացվել են խոսքի, հավաքների ազատության սահմանափակումների հանգամանքներում, իսկ թեկնածուների համար չեն ստեղծվել հավասար պայմաններ: Քարոզարշավն ուղեկցել է ընտրողներին ահաբեկելով, մեդիայի հասանելիության սահմանափակմամբ, թեկնածուների դեմ մեղադրանքների առաջադրմամբ: Ընտրությունների օրը լուրջ խախտումներ են դիտարկվել բոլոր փուլերում: Անգամ դժվար էր պատկերացնել, որ հարևան սուլթանությունում կրտսեր սուլթանին կհաջողվի ևս մեկ ժամկետով նստել շարքային ադրբեջանցիների վզին՝ առանց վերոնշյալ աճպարարությունների:
Առաքելության անդամները ստիպված են եղել լքել դահլիճը՝ ադրբեջանական քաղաքական մշակույթի հետ այսպես ասած՝ մոտիկից ծանոթանալուց հետո: Անգամ ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու գտնվող պետությունների երկնակամարում՝ միակ լուսավոր կետը, որպես կանոն, լրատվամիջոցներն են, որոնք անկախ ամեն ինչից, փորձում են հանրությանը հասցնել երկրում տիրող իրական պատկերը: Մինչդեռ հարևան ադրբեջանցիներին ճակատագիրը շատ լուրջ է հեգնել. սեփական ժողովրդին կեղեքող Ալիևի համար «դոշ» են տալիս նաև այն մարդիկ, ովքեր կոչված են հասարակության աչքերը բացել: Ընդ որում՝ «դոշ» տալն անում են այնքան վայրենի ձևաչափով, որ դա վերածվում է միջազգային սկանդալի և արջի ծառայության՝ Ալիևի համար: Իհարկե, վերոնշյալ լրագրողները իրենց բաժին գովքը և շնորհակալությունը կստանան, սակայն դրանից հարևան սուլթանությունն ավելի ժողովրդավար չի դառնա...
Ստելլա Խաչատրյան