Համաձայն չէ՝ թող բողոքի. ԲՍՓՀ-ի նախագահը՝ հաշմանդամության կարգից զրկված երեխայի մորը
ՀասարակությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Ալավերդիում բնակվող 5-ամյա Նարեկ Էվոյանը թեպետ ունի բարդ հիվանդություններ և մինչ այս ճանաչվել է հաշմանդամ, օրեր առաջ, Տավուշի մարզի ԲՍՓՀի որոշմամբ՝ զրկվել է հաշմանդամության կարգավիճակից, հետեւաբար, նաև պետությունից հատկացվող թոշակից;
Թե որն է երեխային թոշակից զրկելու պատճառը, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել Տավուշի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Վահե Մխիթարյանից․
«Նարեկ Էվոյանի վերջին բժշկական ուսումնասիրությունների արդյունքներով՝ երեխայի մոտ արձանագրվել է առողջական վիճակի լավացում։ Իրականացվել է օբյեկտիվ քննություն, պարզվել է, որ նա սուր նոպաներ չի ունենում, գլխի վրա արված շունտավորումը նորմալ է գործում, երեխայի մոտ արձանագրվել է վիճակի կոմպենսացիա, իսկ երեխային ստուգող նյարդաբանի կողմից տրվել է եզրակացություն, որ վիճակի վատացում չկա․ երեխան նորմալ կոնտակտի է դուրս գալիս և շատ աշխույժ է»,-ասաց Մխիթարյանը։
Վերջինս նշեց, որ եթե մայրը համաձայն չէ իր որդուն տրված բժշկական եզրակացության հետ՝ օրենքով նախատեսված կարգով կարող է այն բողոքարկել՝ պահանջելով նոր փորձաքննություն։
Մեզ հետ զրուցում ԲՍՓ Գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Շահվերդյանը խնդրի վերաբերյալ նկատեց, որ եթե երեխայի հաշմանդամության կարգի տրամադրման հետ կապված կան վիճելի հարցեր փորձաքննություն իրականացնող մարմնի հետ, ապա երեխայի ծնողները կարող են դիմում գրել՝ պահանջելով կրկնակի փորձաքննություն։
«Առավելագույնը մեկ ամսվա ընթացքում կիրականացվի նոր փորձաքննություն»,-ասաց ԲՍՓ Գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։