Հայ ակտիվիստները Մոսկվայում փորձել են մտնել ՀՀ դեսպանատուն. 3 մարդ բերման է ենթարկվել (տեսանյութեր)
ВидеоՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց այսօր մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Երևանում տեղի ունեցող բողոքի ցույցերի՝ ընդդեմ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի:
Բողոքի ակցիայի մասնակից Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հեռարձակված ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ հենց եթերի պահին ոստիկանական մեքենայով իրեն և ևս երկու ակտիվիստի տանում են դատարան:
«Այս պահին մենք՝ բերման ենթարկվածներով, ոստիկանական «Պազիկի» մեջ գնում ենք դատարան. ոստիկանության արձանագրության պատասխանը դատարանը կներկայացնի մեզ: Նախնական տեղեկություններով՝ մեր այսօրվա արարքը որակել է «մանր խուլիգանություն»: Մենք, իհարկե, չենք համաձայնել և չենք ստորագրել որևէ թղթի տակ: Հիմա դատարանի շենքում կփորձենք մեր իրավունքները պաշտպանել, կփորձենք ներկայացնել իրականությունը՝ այն, ինչ եղել է այսօր:
Մի առանձնահատուկ փաստ ևս՝ մենք ակցիա ենք իրականացրել ՀՀ դեսպանատան տարածքում, որը համարվում է ՀՀ տարածք, ինչը, իմ կարծիքով, իրավական առումով թույլ չի տալիս ռուսական իշխանություններին, որ մեզ դատեն ռուսական օրենսգրքով»,- ասել է Մկրտչյանը:
Ակտիվիստը հրավիրել է իրավապաշտպանների ուշադրությունը:
Ամփոփելով իր խոսքը՝ ակտիվիստը դիմել է հայաստանաբնակ հայրենակիցներին. «Դուխով, պինդ եղեք, գազ տվեք, ձեր քայլն արեք՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի և իր իշխանության»:
Ավելի ուշ ակտիվիստի էջում հրապարակվել է ոստիկանության որակած «մանր խուլիգանության» տեսանյութը՝ ակտիվիստների գործողությունները դեսպանատան դիմաց: Նրանք փորձել են ներս մտնել դեսպանատան տարածք: