Պետք է ծառայել երաժշտությանը. Սալվատորե Ակկարդո
Science and cultureԱշխարհի երաժշտական մայրաքաղաքն այս պահին Վալետան է՝ 2018 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը: Հենց այստեղ են ելույթ ունենում համաշխարհային մասշտաբով նշանակալի հարգանք վայելող մենակատարներ: Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին, որի ռեզիդենտ նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկն է, հնչում են դասական ակադեմիական երաժշտության գոհարները, երաժշտասեր հանրության դատին են ներկայացվում ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հերթական համերգային երեկոն բացառիկ է յուրովի: Հնչելու են Բիզեի, Մենդելսոնի, Շորի ստեղծագործությունները: Հրավիրված մենակատարը ջութակահար Սալվատորե Ակկարդոն է: Իտալացի ջութակահարը հայտնի է հատկապես իր՝ Պագանիի մշակումներով ու յուրովի ինտերպրիտացիաներով: Նա Պագանիի մրցույթի հաղթող է, ավելի քան 45 տարի դասավանդում է աշխարհի տարբեր երկրների ջութակահարների, ովքեր ևս նշանավոր արտիստներ են:
Փառատոնի շրջանակներում հանդիպելով Մաեստրո Ակկարդոյին՝ զրուցեցինք դասական արվեստի ժամանակակից զարգացումների ու իր տպավորությունների մասին:
-Մաեստրո, Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները փառատոնի ընթացքից:
-Իմ կարծիքով սա շատ լավ միջոցառում է ընդհանուր առմամբ: Հիանալի առիթ է լավագույն երաժշտության շուրջ միավորվելու: Հետաքրքիր է նաև ծրագրերի ընտրությունը:
-Հայ երաժիշտների հետ եք հանդես գալու այսօր, ինչպիսին են ակնկալիքներն ու ընդհանրապես փորձերն ինչպե՞ս են անցնում:
- Սկզբում անակնկալի եկա՝ տեսնելով, թե որքան երիտասարդներ են նվագում նվագախմբում: Իհարկե գիտեի ի սկզբանե թե ինչ նվագախմբի հետ եմ ելույթ ունենալու, սակայն անկեղծորեն պետք է ասեմ, որ որոշ մտավախություններ ունեցա: Սակայն առաջին իսկ փորձերից ես սիրեցի իրենց ու նախևառաջ պրոֆեսիոնալիզմի, էնտուզիազմի ու պատասխանատվության համար: Կարծում եմ շատ գեղեցիկ ու հետաքրքիր համագործակցություն է ստացվում: Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցությունը չափազանց հետաքրքիր է: Մենք իսկապես լավ ենք հասկանում միմյանց, և ոչ թե ես եմ իրեն հետևում կամ ինքն է ինձ հետևում, այլ մենք միասին ենք նվագում:
-Ո՞րն է ամենակարևոր մեսիջը, որ միշտ փոխանցում եք Ձեր հանդիսատեսին:
-Դու պետք է հանդիսատեսին ցույց տաս, թե որքան արժեքավոր բան է երաժշտությունը, որը դու այդ պահին կերտում ես ու կարողանաս այնպես անել, որ մարդիկ սիրեն այն:
-Մաեստրո, Ձեր գործունեության կարևորագույն ոլորտն է նաև դասավանդումը:
-Ես դասավանդում եմ ավելի քան 45 տարի: Այս ընթացքում ես հայտնաբերել ու ճանապարհ եմ հարթել հարյուրավոր երիտասարդների համար: Միևնույն ժամանակ ես հնչեղ անունների հետ եմ աշխատել: Երիտասարդների հետ աշխատելիս ես իմ առջև խնդիր եմ դնում այնպես անել, որ վերջիններս կարողանան ոչ թե նոտաները կարդալ ու արտաբերել, այլև՝ կարդան ու ճանաչեն ամբողջ երաժշտությունը: Իմ սաներից ոմանք հրաշալի տիրապետում են իրենց գործիքի տեխնիկային, կամ բացառիկ տաղանդավոր են: Սակայն, ես նրանց սովորեցնում եմ ոչ թե տիրապետել գործիքին, այլ այն կարևոր գաղափարն եմ սերմանում, որ յուրաքանչյուրի գործիքը գործիք է դեպի մարդկանց հոգիներին լավ երաժշտություն հասցնելու:
Իմ գաղափարախոսությունն այն է, որ երաժիշտը բոլոր առումներով պետք է ծառայի երաժշտությանը, և ոչ այն ծառայեցնի սեփական հավակնություններին: