Ինչն էր այդպես նյարդայնացրել Արփինե Հովհաննիսյանին
AnalyticalՀՀԿ խմբակցության հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը աչքի զարնեց մշտապես ինքնավստահ, խրոխտ ելույթներ ունեցող Արփինե Հովհաննիսյանի կեցվածքը, ով դժվարությամբ էր թաքցնում հուզմունքը, եթե չասենք՝ «խառը» հոգեվիճակը, որում հայտնվել էր: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին անչափ հուզում էր Փաշինյանի այն հայտարարությանը, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Հովհաննիսյանը բավական երկար ժամանակ նույն հարցը կրկնելով (գուցե մտածելով, որ այդպես հարցն ավելի տպավորիչ կթվա), փորձում էր հասկանալ՝ ինչպես է վարչապետի թեկնածուն պատկերացնում այդ գործընթացը: Ի դեպ՝ կհիշե՞ք մի դեպք, երբ արդարադատության նախարար եղած ժամանակ տիկին Հովհաննիսյանին այդչափ հուզած լիներ մեր երկրում քաղբանտարկյալների, նրանց կարգավիճակի կամ ազատ արձակմանը վերաբերող հարցերը: Նման դեպք հիշելն, ինչ խոսք, անչափ բարդ է:
Դժվար է ասել՝ պատմական պահի գիտակցո՞ւմն էր այդպես ցնցել տիկին Հովհաննիսյանին, թե՞ անսովոր կարգավիճակը, երբ պետք է անհարմար և «կծող» հարցել տալ, սակայն Արփինե Հովհաննիսյանն այսօր ՀՀԿ հավաքական կերպարն էր՝ ցայտնոտի մեջ: Իհարկե, հասկանալի է՝ հանրապետականների համար անչափ դժվար է ընդդիմության կաշվի մեջ մտնելը, և պետք է ասել՝ անում են դա անչափ անտաղանդ ձևով: Իհարկե, Արփինե Հովհաննիսյանին էլ կարելի է հասկանալ. հանդիսանալով ԱԺ փոխնագահ, ՀՀԿ՝ այսպես ասած՝ նոր ոգու ներկայացուցիչ, ստիպված է լինելու հրաժարվել ձեռք բերված բարձր դիրքից և լավագույն դեպքում բավարարվել շարքային, այն էլ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակով: Հովհաննիսյանը, մյուս հանրապետականների նման՝ կարծես թե ծանր է համակերպվում այդ իրողության հետ, միևնույն ժամանակ, հակադրելու որևէ բան չունենալով՝ ստիպված էր հուզախառն, պաթետիկ և կիսատ-պռատ քննադատական հարցադրումներով փորձել վարկաբեկել քաղաքական օպոնենտներին…
Ստելլա Խաչատրյան