Եթե որևէ մեկն ասի՝ այդպիսի ընթացակարգ կա՝ մանդատիցս կհրաժարվեմ. Կոստանյան
ՔաղաքականՍԴ անդամ ընտրելու համար այսօր, Ազգային ժողովում պատգամավորների ձայները չէին բավարարում, քանի որ անհրաժեշտ էր 63 ձայն։ Ընդդիմադիրները չէին մասնակցում քվեարկությանը, ՀՀԿ խմբակցությունից կային բացականեր։
ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՍԴ անդամի ընտրության ընթացակարգերին և ԱԺ-ում մյուս խմբակցությունների դիրքորոշումներին, նշեց. «Իրենց դիրքորոշումները պայմանավորված էին ընթացակարգի հետ: Էմիլ Բաբայանի անձի, կրթության, աշխատանքի կամ այլ հատկանիշի հետ կապված որևէ մեկը առարկություն չարեց: Այսինքն, թեկնածուն համապատասխանում էր:
Վստահ եմ՝ մյուս խմբակցություններն էլ են այդ կարծիքին: Խնդիրը բարձրացվեց ընթացակարգի հետ կապված: Բայց Սահմանադրական դատարանի անդամի ներկայացման ընթացակարգը սահմանված է Սահմանադրությամբ: Ընթացակարգի խախտում չէր կարող լինել ֆորմալ առումով: Եթե որևէ մեկն ասի, որ այդպիսի ընթացակարգ կա՝ ես իմ մանդատից կհրաժարվեմ: Ֆորմալ ընթացակարգը խախտված չէ: Այլ հարց է, որ կուզենային, որ խորհրդակցությունների արդյունքում ընտրվեր»,- ասաց Կոստանյանը:
Նշենք, որ ՍԴ անդամի քվեարկությանը մասնակցել է ԱԺ 105 պատգամավորներից 54-ը, որոնցից 51-ը կողմ են քվեարկել Էմիլ Բաբայանի օգտին: