Երաշխավորություն են ներկայացրել Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
ՀասարակությունԱզգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը երաշխավորություն են ներկայացրել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
«Ես և Լենա Նազարյանը երաշխավորություն ներկայացրեցինք Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատ Միրզոյանը։
Նշենք՝ Գարեգին Չուգասզյանը, ապրիլի 23-ին միանալով համաժողովրդական հեղափոխությանը՝ գնացել էր Հանրապետության հրապարակ:
Այնուհետև՝ ապրիլի 24-ին, «Հիմնադիր խորհրդարան»-ի գործընկերների հետ բարձրացել էր Ծիծեռնակաբերդի համալիր՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Սակայն Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելիս նրան դիմավորել են ոստիկանները և ձերբակալել, հետո՝ կալանավորել:
Նշենք, որ Գարեգին Չուգասզյանը 1 տարի 9 ամիս գտնվել է ընդհատակում: Չուգասզյանի նկատմամաբ քրեական հետախուզում էր հայտարարվել 2016թ.-ի հուլիսից, երբ «Սասնա Ծռեր» խումբը զինված հարձակում էր գործել Էրեբունու ոստիկանության պարեկապահակային գնդի վրա։