Ալբանիայի մայրաքաղաքում Թումո կենտրոն ստեղծելու նախագիծ կա
ՀայաստանԱլբանիայի մայրաքաղաքում խորհրդային շրջանի կառույցներից մեկը՝ Տիրանայի բուրգը կվերածվի նոր տեխնոլոգիական, արվեստի և մշակույթի կենտրոնի: Ինչպես հայտնում է worldarchitecture.org կայքը, այստեղ կստեղծվի Թումո կենտրոն:
Դեպի գագաթ սլացող աստիճաններով բրգաձև կառույցը կվերակառուցվի նիդերլանդական MVRDV ճարտարապետական բյուրոյի կողմից։ «11 հազար 800 մետր քառակուսի տարածքով նախկին կոմունիստական հուշաձանը կծառայի որպես բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիական կրթության կենտրոն երիտասարդների համար: …Կառույցը կղեկավարվի Թումո-ի՝ նոր տիպի կրթական ծրագրի կողմից, որտեղ դեռահասները կրթություն են ստանում տեխնոլոգիաների և դիզայնի հատման կետում»,-ասված է հրապարակման մեջ:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար կրթական կենտրոն է, որը բացվել է Երևանում 2011 թվականին։ Թումոյում թվային մեդիաների անիմացիայի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման ու ֆիլմերի արտադրության ոլորտում արտադպրոցական ուսուցում են ստանում 12-18 տարեկան հազարավոր պատանիներ: Թումո կենտրոններ են գործում Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում, որտեղ սովորում է շուրջ 11 հազար ուսանող, կան նաև մեծ թվով հերթագրվածներ: Կողբ գյուղի «Թումո» կենտրոնում նախատեսվում է ընդունել 1000 երեխայի: