«Դուք լվացել եք Ձեր ձեռքերը». Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին
ՀայաստանԺիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հարգելի՛ պարոն Փաշինյան Քաղբանտարկյալների, այդ թվում՝ Սասնա Ծռերի, բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով: Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը: Սակայն օրենքի գերակայությունն արժեք ու իմաստ ունի, եթե ծառայում է իրավունքի գերակայությանը:
Ուստի, մերժելով ուղիղ կառավարման այդ անօրինական տարբերակը, Դուք կարող եք և պարտավոր եք օգտագործել անուղղակի կառավարման, առաջնորդային կառավարման բոլոր հասանելի իրավաչափ լծակները՝ դատախազությունում և դատարաններում մթնոլորտ փոխելու, սաբոտաժը չեզոքացնելու և դրանց կողմից արդար որոշումների կայացումը երաշխավորելու համար:
Մինչ օրս, սակայն, տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը և քաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների և դատավորների հոգևոր ու բարոյական վերափոխման հրաշքին: Դրա հետևանքով առաջացած տարակուսելի անորոշությունն է պատճառը, որ Հիմնադիր Խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը արդեն մեկ ամիս չի դադարեցնում հացադուլը՝ պահանջելով գոնե ցույց տալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ալգորթիմը: Առավել ևս նրա պահանջը ոչ միայն արդարացի է, այլև նպաստում է հեղափոխությանը և օգնում է հեղափոխական կառավարությանը, Նոր Հայաստանը մեկընդմիշտ ձերբազատելով քաղբանտարկյալների առկայության անպատվաբեր խարանից:
Մեկ ամսվա հացադուլն, ի դեպ, մարդու օրգանիզմի համար կրիտիկական սահմանին մոտ վիճակ է առաջացնում: Հուսով ենք, որ քայլ կանենք և կլուծեք հեղափոխության փորձաքար դարձած այս պրոբլեմը:
Հարգանքով՝ Ժիրայր Սէֆիլյան Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)
22.05.2018 թ.
«Արմավիր» ՔԿՀ