Մեկնարկել է «Մարտահրավեր պատերազմներին և հակամարտություններին. խաղաղությունը և պատերազմը գենդերի տեսանկյունից» միջազգային կոնֆերանսը
ՀայաստանԵրևանում մեկնարկել է «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության 6-րդ միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսը տևելու է երեք օր: Այս տարի կոնֆերանսի թեման է «Մարտահրավեր պատերազմներին և հակամարտություններին. խաղաղությունը և պատերազմը գենդերի տեսանկյունից»:
Կոնֆերանսը բաց հարթակ է պատերազմական գործողություններ լուսաբանող կին լրագորղների, խաղաղաշինությամբ զբաղվողների, իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների միջև քննարկումների համար: Կոնֆերանսին քննարկվելու են պատերազմների ընթացքում լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների խնդիրը, ԶԼՄ-ների դերակատարությունը հակամարտության կանխարգելման և խաղաղության կառուցման գործում, և որքանով է կանանց համար վտանգավոր ռազմական լրագրությունը:
Կին լրագրողները ներկայացնելու են իրենց պատմությունները, խաղաղության հաստատման գործում իրենց կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները: Կարևորագույն կետերից է նաև այն թե ինչպես են միմյանց հետ համագործակցում խաղաղարարներն ու կին լրագրողները նորարարական լուծումներ ստեղծելու համար` ինչպես իրենց անվտանգության, այնպես էլ կոնֆլիկտների խաղաղ կարգավորման գործում:
Կոնֆերանսին մասնակցում են Երևան ժամանած բազմաթիվ հյուրեր, աշխարհի տարբեր երկրներից 30 լրագրողներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների, օտարերկրյա կազմակերպությունների, հայաստանյան հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ու անհատներ:
Կոնֆերանսի բացման արարողությանը ելույթ ունեցան.
Տիկին Գյուլնարա Շահինյանը («Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ինախագահ),
Ն.Գ. պարոն Պյոտր Անտոնի Սվիտալսկին (Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան),
Ն.Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը (Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային
Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան),
Ն.Գ. պարոն Պավել Չեպլակը (Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և
լիազոր դեսպան),
Ն.Գ. տիկին Անի Շագինյանովան (ղեկավարի տեղակալ, առաջին քարտուղար Չեխիայի Հանրապետության դեսպանություն Հայաստանում)
Տիկին Քլեր Լը Ֆլեշերը (առաջին խորհրդական, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն Հայաստանում):