Հայ երգիչների լիցենզիոն երգերը արդեն հասանելի են համացանցում

2012-07-09 14:36:37

Հեղինակային իրավունքների խախտման երևույթներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում իսկական պատուհաս են դարձել գրեթե բոլոր ստեղծագործող մարդկանց համար:

Գնալով ավելի է դժվարանում պաշտպանել սեփական ստեղծագործության իրավունքները, հատկապես, երբ խոսքը համացանցի մասին է: Սակայն չի կարելի նաև չնկատել, որ այդ հարցում մեզ մոտ ևս արվում են դրական քայլեր: Դրանցից մեկն, օրինակ, վերջերս հայկական վիրտուալ տիրույթում մեծ քննարկումների առիթ տվեց: Խոսքը MuzOn.am կայքի մասին է: «Իդե Ժենի» ընկերության կողմից ստեղծված հայկական երգերի ներբեռնման առաջին օրինական և անվճար կայքում ներառված են հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների գրեթե բոլոր ստեղծագործությունների լիցենզիոն տարբերակները, որոնք հնարավոր է ներբեռնել միանգամայն անվճար:

Սա առաջին դեպքն է, երբ երգիչը կայքում հայտնված իր երգի համար գումար է ստանում՝ ներբեռնողից չպահանջելով ոչ մի լումա:

«Իդե Ժենի» ընկերության տնօրեն Պարույր Հարությունյանը պարզաբանում է, որ  ներբեռնման ժամանակ կայքի այցելուն դիտում է 10-15 վայրկյանանոց գովազդ, որպեսզի հնարավոր լինի գովազդատուից գանձված գումարից փոխհատուցել երգիչներին»: Կայքի հիմնադիրը նշեց նաև, որ կայքը նոր համակարգի ստեղծման հարթակ է, որի առաջնային խնդիրը հայկական երգարվեստի ստեղծագործողների հեղինակային իրավունքները պաշտպանելն է:

Ի դեպ, երգիչների գերակշիռ մեծամասնությունը արդեն իսկ տվել է իր համաձայնությունը, և կայքում տեղադրված բոլոր երգերն օրինական ճանապարհով են հայտնվել կայքում: Կայքի համահիմնադիրներից Տիգրան Լալայանը նշում է, որ շուտով կայքում կտեղադրվեն երաժշտական բոլոր ժանրերի հայկական ստեղծագործություններ:

 

Դիտվել է 1493 անգամ:

Լրահոս
24 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը