Ինչո՞ւ ԲՀԿ-ն չստորագրեց հարցաշարի տակ
ՔաղաքականԲՀԿ-ն չի պատրաստվում ստորագրել ոչ մի հարցաշարի, համաձայնագրի տակ, որտեղ կա «Ժառանգության» թեկուզ և մեկ անդամի ստորագրություն: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պարզաբանելով «Հարսնաքարի» գործով ՀՀ գլխավոր դատախազություն և Կառավարություն ուղարկվելիք հարցաշարի տակ չստորագրելու իրողությունը: Վերջինիս խոսքերով՝ իրենք պատրաստկամ են առանձին հարցաշար ներկայացնել կամ էլ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ միասին քննարկել հարցաշարը։ «Սակայն նպատակահարմար չենք գտնում ստորագրել այն հարցաշարի տակ, որտեղ արդեն իսկ կա «Ժառանգության» ստորագրությունը: Մենք չենք ցանկանում գործ ունենալ մի քաղաքական ուժի հետ, որը ինքնուրույն չէ: «Ժառանգությունը» փորձում է հանրային շարժումն ուղղորդել ԲՀԿ-ի դաշտ, իսկ կուսակցության անդամները ջանք և եռանդ չեն խնայում իրենց հանձնարարականը կատարելու, ինչն իրենց չի հաջողվելու»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն պատրաստ է համագործակցել միայն այն քաղաքական ուժերի հետ, որոնք ինքնուրույն են և չեն առաջնորդվում հանձնարարականներով:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները «Հարսնաքարի» դեպքի վերաբերյալ հատուկ հարցաշարով դիմել են ՀՀ կառավարությանն ու ՀՀ գլխավոր դատախազությանը: Հարցաշարը համապատասխանաբար ստորագրել են Արմեն Ռուստամյանը, Ռուբեն Հակոբյանը և Արամ Մանուկյանը։ Դիմումին չի միացել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: