Հնարավոր է՝ ռազմագերիների հարազատների նստացույցը վերածվի հացադուլի
ВидеоՄեր նստացույցը վերաբերվում է ինչպես ՀՀ իշխանությանը, այդպես էլ միջազգային կառույցներին, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հայ ռազմագերու եղբայր Տիգրան Ամբարդարյան, որը երեկվանից կառավարության դիմաց նստացույց է իրականացնում:
Ռազմագերու եղբայրը նշեց, որ իրենց հիմնական մտահոգությունը Բաքվում իրականացվող ձևական դատավարություններն են, որոնք, ըստ իրեն, աբսուրդ են. «Մեր տղաներն այնտեղ մենակ են՝ առանց օգնության: Միջազգային կառույցներին հորդորում ենք, որպեսզի միջնորդներ ուղարկեն և միջանկյալ միջոցներ կիրառեն, որպեսզի գերիների իրավունքներն այնտեղ պաշտպանվեն: Իսկ ՀՀ իշխանություններին հորդորում ենք, որպեսզի իրավական գործընթաց սկսեն՝ ընդդեմ Ադրբեջանի, որ սաստեն նրան»,-ասաց գերիի եղբայրը:
Տիգրան Ամբարդարյանը ընդգծեց, որ անժամկետ նստացույց են հայտարարել, իսկ եթե նստացույցը արդյունք չտա, այն կվերածվի հացադուլի. «Եթե մենք ունենայինք հստակ արդյունք՝ այստեղ չէինք մնա: Մնացած քայլերը հետագայում պարզ կլինեն»,- նշեց Մելս Ամբարդարյանի եղբայրը:
Հիշեցնենք, որ կառավարության դիմաց նստացույց իրականացնողները երեկ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջիններիս չի գոհացրել նրանց հանդիպումը: