Ռաֆոն ու Անդոն վիճե՞լ են․ ինչ են պարզաբանում դերասան ընկերները
ОбществоՄամուլում տեղեկություններ են տարածվել, որ քաղաքականությունը բաժանել է անբաժան ընկերներ Ռաֆայել Երանոսյանին ու Անդրանիկ Հարությունյանին՝ Անդո-Ռաֆո հեռուստատեսային հայտնի զույգին: Ըստ դրանց՝ քաղաքական տարբեր հայացքներ ունենալու պատճառով նրանց միջև վիճաբանություն է եղել և բանը հասել է նույնիսկ բռունցքների: Նշենք, որ Անդոն սատարում է ներկայիս վերընտրված իշխանություններին, իսկ Ռաֆոն ընդդիմադիր հայացքներ ունի:
ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց հենց նրանցից պարզել, թե ինչ է տեղի ունեցել իրականում և ինչպիսի հարաբերություններ ունեն այժմ։ Մեզ հետ զրույցում Ռաֆոն հերքեց լուրերը՝ վստահեցնելով, որ նման բան չկա։ Այսինքն շարունակո՞ւմ են լավ հարաբերություններ ունենալ՝ ի պատասխան մեր հարցի Ռաֆայելն ասաց․ «Թույն։ Ապատեղեկատվություն է, ոչ մի բան չկա։ Համենայնդեպս, ինձանից այդպիսի նորություն դուրս չի եկել»։ Ասացինք՝ հնարավո՞ր է Անդոյից է «դուրս եկել»՝ ասաց․ «Չէ, չի կարող։ Կարող է Անդոն հումոր է արել, լուրջ են վերաբերվել»։
Թե ինչո՞ւ են նման լուրեր տարածվել, Ռաֆայելը սովորական է համարում․ «Օրական ինձ ավտովթարից սպանում են, հիմա ի՞նչ՝ մեռնե՞մ, որ իրենք ճիշտ դուրս գան։ Շուտով երկիրը որ դզվի իմ մասին ապատղեկատվություն տարածողներին դատի կտամ»,- ասաց նա։
Մեզ հետ զրույցում Անդոն ևս տարածված լուրերը սուտ որակեց՝ նշելով, որ նույնիսկ չի ուզում անդրադառնալ դրան․ «Ես իմ ընկերների հետ բացարձակ չեմ կռվում քաղաքական հայացքների համար»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե ամեն դեպքում ինքն ու Ռաֆայելն ունեն տարբեր քաղաքական հայացքներ՝ Անդոն նշեց․ «Չգիտեմ ճիւշտն ասած, երևի հա էլի, բայց դա առիթ չէր կարող լինել։ Շատ ընկերներ ունեմ, որոնց հետ քաղաքական տարբեր հայացքներ ունենք, բաց իրենք իմ ամեն օրվա ընկերներն են և ես այդ տեսակը չեմ, որ դրա պատճառով վիճեմ, կռվեմ և բանը հասնի բռունցքներին»,- ասաց Անդոն։
Նա վստահեցրեց, որ Ռաֆայելի հետ շարունակում են նախկինի նման լավ հարաբերույուններ ունենալ։