Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Հայաստանի հավաքականի, Մխիթարյանի ու Ադամյանի մասին
ՍպորտԳերմանիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նախախաղային ասուլիսում խոսել է Հայաստանի ազգային թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 5-րդ տուրի հանդիպման մասին:
«Ունենք շատ լավ թիմ, որին վստահում եմ: Իմ ու խաղացողների հարաբերությունները շատ լավն են: Մեզ ժամանակ է հարկավոր նոր մտքերն ու փիլիսոփայությունը կյանքի կոչելու համար: Խաղադաշտում կտեսնեք թիմ, որն ամեն ինչ անում է հաղթանակի համար:
Հայաստանի հավաքականը կարողանում է պրեսինգի դիմել ու լավ հակագրոհել: Առջևի գծում նրանք ունեն արագ խաղացողներ, որոնք կարող են անակնկալի բերել: Այդ պատճառով պետք է փորձենք գնդակ չկորցնել: Բոլորս գիտենք, թե որքան արագ ու տեխնիկապես լավ պատրաստված խաղացողներ են Հենրիխ Մխիթարյանն ու Սարգիս Ադամյանը:
Առջևում ունենք 2 կարևոր հանդիպումներ: Ցանկանում ենք 9 միավոր վաստակել ընտրական փուլի այս հատվածում: Դա մեր նպատակն է»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Kicker.de-ն:
Գերմանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կսպասարկեն շոտլանդացի մրցավարներ՝ 42-ամյա Ուիլյամ Կոլամի գլխավորությամբ: