Փաշինյանը պարծենում էր աննախադեպ ծավալների զենքի գնումներով, հիմա էլ ասում է, որ իրեն զենք չեն վաճառում. Աննա Մկրտչյան
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն ասում է, որ չի կարող զենք գնել, թեեւ մինչ այդ պարծենում էր, որ չորս տարում Հայաստանի համար ավելի շատ զենք է գնել, քան ձեռք է բերվել նախորդ 30 տարում։ Ո՞ւր է այդ զենքը: Կամ ի՞նչ է արել, որ իրեն արգելում են զենք գնել։ Այս մասին սեպտեմբերի 14-ին քննարկման ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանում շատ մարդիկ կան, ովքեր գիտեն, թե որտեղից զենք գնել եւ գիտեն՝ ինչպես ապահովել երկրի անվտանգությունը։
«Նիկոլ Փաշինյանը դավաճանելու է այնքան ժամանակ, քանի դեռ կա գոնե մեկ հայ, ում ադրբեջանցիներն ու թուրքերը դեռ չեն մորթել։ Երեկ նա արհամարհական կերպով ասաց բառացիորեն հետեւյալը. «Քանի՞ կռվող մարդ կա Հայաստանում»։
Այսինքն՝ նա ուզում է հասկանալ, թե Հայաստանում հայրենիքի զգացում ունեցող քանի մարդ կա, ովքեր պետության գոյությունն իրենց կյանքը կազմակերպելու նվազագույն պայման են համարում, եւ նա պետք է տեսնի այդ մարդկանց վերջը եւ հանգստանա»,- ընդգծեց Մկրտչյանը։