Կայացավ ԵՊՀ գիտխորհրդի հետ համատեղ նիստը
ՍփյուռքՀոկտեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին առընթեր ատյանի նիստը՝ ԵՊՀ գիտխորհրդի հետ համատեղ:
Նիստի օրակարգի առաջին հարցն էր «Սփյուռք» ամառային դպրոցի 2012թ. արդյունքների ամփոփումը: Այն զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Մխիթարյանը՝ ներկայացելով ամառային դպրոցի կազմակերպման ու կայացման ընթացքը, կազմակերպչական աշխատանքները, ծրագրերը, մասնակիցների աշխարհագրությունն ու արդյունավետությունը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անդրադառնալով «Սփյուռք» ամառային դպրոցի կայացման փաստին, շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին՝ ամառային դպրոցի ծրագիրը համատեղ իրականացնելու կապակցությամբ. «Շատ կարևոր է, որ մենք ունենանք ամառային դպրոցի համար հարմարեցված ծրագրեր, որպեսզի այն մարդիկ, ովքեր գալու են ուսանելու, չունենան դժվարություններ, ավելի բարձր լինի արդյունավետությունը»:
Նիստի առաջին հարցի կապակցությամբ որոշվեց արդեն իսկ մեկնարկել հաջորդ տարվա ամառային դպրոցի կազմակերպչական աշխատանքները, վերանայել ու բարելավել ուսումնական ծրագրերը:
Նիստի հաջորդ հատվածում զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգող խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը՝ տեղեկություն հաղորդելով Հայաստանի Հանրապետությունում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրների և դրանց կարգավորման գործընթացենրի մասին: Համատեղ նիստի մասնակիցները բարձր գնահատականի արժանացրին ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը սիրիահայերի հիմնխնդիրները համակարգելու, դրանք համապատասխան մասնագիտական գերատեսչություններ ուղղորդելու և հետևողական լինելու հարցում: