Պատռվեց կեղծ ժողովրդավարության դիմակը․ պատգամավորը՝ Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու մասին
ПолитическиеԱյսօր՝ հուլիսի 11-ին, ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին հեռացրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ հերթական անգամ պատռվեց այս իշխանության կեղծ ժողովրդավարության դիմակը։
«ժողովրդավարությունը երբեք Նիկոլի և նրա թիմի համար արժեք չի եղել, այս ամենը խոսում է ազատ խոսքի նկատմամբ հերթական ոտնահարման, ՀՀ-ի օրենքները և սահմանադրությունը ոտնատակ տալու, երկրում օրեցօր խորացող բռնատիրության մասին։
ՔՊ-ն ունի քաղաքական բոլշևիզմ, նրանք ունեն քաղաքական ձայների մեծասնություն, սահմանադրական մեծամասնություն, ինչ ուզում՝ քվեարկում են, ինչպես ուզում՝ քվեարկում են, բայց, միևնույն է, ես հավատում եմ քաղաքական հատուցմանը․ վաղ, թե ուշ, իրենք պատասխան են տալու իրենց այս վարքագծի համար, պատասխան են տալու բոլոր հնարավոր միջոցներով, ոչ միայն բարոյական, այլ նաև իրավական, որովհետև այն, ինչ կատարում են նրանք, Հայաստանի օրենքների և սահմանադրության խախտում է»,-ասաց Գալստյանը։
Պատգամավորի խոսքով` Հայաստանը վաղուց ավտորիտար երկիր է, մեկ մարդու իշխանություն, վախի, անհանդուրժողականության մթնոլորտ, ինչպես նաև գոյաբանական սպառնալիքով ապրող Արցախ, Հայաստանից բռնազավթված տարածքներ, թուլացած ինքնիշխանություն։ Լիլիթ Գալստյանի բնորոշմամբ՝ սրանից վատ էլ ոչինչ չէր կարող լինել, հայաստանյան իրականությունը սարսափելի է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձել էր իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ ՔՊ խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված նախագծին՝ ֆեյսբուքյան էջում գրելով․
«Իսկ ի՞նչ «հանցանք» եմ գործել ես. ըստ ՔՊ խմբակցության՝ ԱԺ խորհրդի 46 նիստերից միայն 8-ին եմ մասնակցել: Կհարցնեք՝ ինչու. որովհետև «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է բոյկոտել ԱԺ խորհրդի նիստերը, ու ես, լինելով խմբակցության անդամ, բնականաբար, բոյկոտել եմ ԱԺ խորհրդի նիստերը․․․
Փաշինյանն է հրահանգել հաշվեհարդար տեսնել․․․»։
Լիլիթ Զալիբեկյան